Название | Մթնաձոր |
---|---|
Автор произведения | Ակսել Բակունց |
Жанр | Поэзия |
Серия | |
Издательство | Поэзия |
Год выпуска | 0 |
isbn | 9781772468212 |
– Բա՜, տեսաք էն շան թուլան. մեր սաղ մահալում վարժապետ Մինասի նման խելոք մարդ չկա, իսկ Վանդունց Հաբուդը` տավարածի տղան, նրան հավան չի, – այսպես էր ասում Իսանանց տղան, չարախինդ և ինքնագոհ, առավոտյան, երբ գյուղացիք հավաքվել էին նրա խանութի առաջ:
– Դե հիմա տեսեք թանկություն ով ա գցում, ե՞ս, թե՞ նա: Մեզ հավան չէր, ա՛ խալխը, դե դուք դատավոր եղեք, – կեղծ անմեղությամբ դիմում էր նա գյուղացիներին:
Եվ հենց նույն օրը չթի գինը մեկին երկու թանկացավ:
Վանդունց Բադին այդ օրը տավարը չտարավ, գնաց գեղամեջ ու խեղճ-խեղճ հայտնեց, որ քաղաք է գնում իմանալու, թե ի՛նչ եղավ որդին:
– Էն ա բերդումը նստած, ի՞նչ ես դարդոտում, ա՛յ պառավ, – ասաց գզիր Զաքին:
Մի քանի հոգի խղճացին նրան, և իրենք տարան տավարը գյուղի:
Շատ տարիներ առաջ էր Բադին քաղաք գնացել: Նա հիշում էր, որ քաղաքին չհասած Խաչի աղենց քարվանսարան կա: Կգնա, հարցուփորձով կիմանա:
Բայց դեռ գյուղից դուրս չեկած, Բադին իմացավ, որ քարվանսարան էլ է վառվել, որովհետև բալշևիկի ձիաններն այնտեղ են կապված եղել:
Ո՞ւմ մոտ գնալ. հենց ուղիղ վարժապետ Մինասի մոտ: Մեծ մարդ է, քաղաքում կոմիտե: Կպատմի նրան, ձեռ ու ոտը կպաչի, գուցե Հաբուդին ազատեն:
Բադին քանի քաղաքին էր մոտենում, այնքան ավելի էր զգում, որ ծնկները դողում են, ոտքերը դժվար են առաջ գնում: Մի երկու տեղ կանգնեց, փափախով ճակատի քրտինքը սրբեց, շունչ առավ ու նորից շարունակեց ճանապարհը:
Ահա և քարվանսարան: Գերանները դեռ մխում են, սևացած պատերն են մնացել միայն: Հենց քաղաք մտնելուն պես Բադին փողոցում տեսավ մեկին, որ թևին կարմիր շոր ուներ կապած: Ուժ արեց և ոտները քաշ տալով մոտեցավ նրան, խոր գլուխ տվեց:
– Վարժապետ Մինասի կանցելարը ի՞նչ տեղ ա, – հարցրեց:
– Ի՞նչ ես անում…
– Խնդիրք ունեմ, փորձանք է եկել գլխիս…
Եվ աչքերում արցունք, Բադին սկսեց պատմել որդու մասին լսածը:
– Հըմ… – արեց մարդը, մատով ցույց տվեց սպիտակ մի շենք, որ այնքան էլ հեռու չէր:
Բադին այդ շենքին մոտեցավ, բայց ներս չթողին, ասին` էգուց կգաս:
– Ախր ես ալևոր եմ, տավարն անտեր ա մնացել, բա իմ որդուց մի խաբար չիմանա՞մ, – ասեց ու նստեց շեմքին, սալահատակի վրա:
Չռած աչքերով նայում էր չորս կողմ, անցուդարձ անողներին, լսում աղմուկը փողոցի, մտքի մեջ` Հաթամի աղջիկը, աչքերը լացակումած, տավարն անտեր, և Հաբուդը, որ մի կտոր շիկացած ածուխ էր դարձել, խանձում էր սիրտը, անասելի ցավ պատճառում նրան:
Շենքի ներսից մի մարդ դուրս եկավ, նայեց Բադուն:
– Դու ի՞նչ ես շնթռկել այստեղ…
– Աղա, ես Վանդունց Բադին եմ, տավարած…
– Վանդո՜ւնց, – հարցրեց մարդը զարմացած:
Բադին սիրտ առավ, սկսեց իր ցավը պատմել նրան: Մարդը լսեց, ունքերը կիտեց, ապա Բադու խոսքը թերի թողեց, մոտեցավ դռնապանին, կանչեց նրան մի անկյուն, ականջին ինչ-որ բան ասաց, ապա արագ-արագ հեռացավ, ծռվեց դեպի մյուս փողոցը:
Բադին զգաց, որ մի ծանր հարված պիտի իջնի իր գլխին, կանգնեց մի ակնթարթ, ապա մոտեցավ դռնապանին:
– Քե մատաղ, ի՞նչ ասեց աղեն…
Դռնապանը երեսը մի կողմ շրջեց, շրթունքը սեղմեց, ապա հանկարծ կռացավ և Բադու ականջին արագ ասաց.
– Որդուդ բերդում կրակել են էս գիշեր…
Դռնապանը հեռացավ: Բադին մի պահ ասես քարացավ: