Մթնաձոր. Ակսել Բակունց

Читать онлайн.
Название Մթնաձոր
Автор произведения Ակսել Բակունց
Жанр Поэзия
Серия
Издательство Поэзия
Год выпуска 0
isbn 9781772468212



Скачать книгу

տեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:

      Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում:

      Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի:

      Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին:

      Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը: Մի հրեշ էր նա, անտառապետի տարազով, կակարդով գլխարկը գլխին: Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը: Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում: Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ:

      Պանինը որսորդ էր: Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի: Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը: Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում կամ հալածում էին խրտնած պախրային: Պանինը վազում էր շների ետևից, հրճվանքից ճչում: Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր:

      Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ: Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շներն որսի միսն ուտեն:

      Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն: Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել:

      Այսպես էր Պանինը: Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնե-բերան պատմություններ էին անում: Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը: Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել: Հյուսիսի անտառներից մեկում նրա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ` շներին հրամայել էր գզգզել կնոջը:

      Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին:

* * *

      Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ: Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում: Բացուտներում միրհավ էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային:

      Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում: Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում:

      Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում` գիշերով տուն տանելու համար:

      Այդ օրն էլ նա որսի էր գնացել: Թարմ հետքեր կային ձյունի վրա: Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես: Մինչև կրակելն աղվեսները փախան: Այդ Ավու համար վատ նշան էր, որսը հաջող չպիտի լիներ: Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ: Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

      Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի` մի քիչ շունչ առնելու:

      Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ: Ավու շունչը փորն ընկավ: Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների ետևից էլ Պանինը: Ասես գետնի տակից բուսավ:

      Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ: Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ: Եվ երբ բարձրացրեց կնուտը, Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ: Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում: Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում:

      Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն: Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել: Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց, Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր: Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ:

      Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին: Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա:

      Մի