Название | Մթնաձոր |
---|---|
Автор произведения | Ակսել Բակունց |
Жанр | Поэзия |
Серия | |
Издательство | Поэзия |
Год выпуска | 0 |
isbn | 9781772468212 |
Կեսգիշերից անց էր, ոչ ոք չէր քնել: Հաթամի աղջիկը որդու կապոցն էր պատրաստում` գուլպա ու թաշկինակ, միրգ ու գաթա: Ամեն մի իր ձեռք առնելիս չգիտեր, թե ուր դնի. արցունք էր, վարար ջրի պես հոսում էր:
Բադին ինքն իրեն սիրտ էր տալիս.
– Թագավորի ծառայություն ա, հնար չկա: Թագավորի հողից ո՞ւր պիտի փախչես:
– Հաբուդ, քեզ լավ պահի, շատ ջահելություն չանես: Օտար երկիր ա, կռիվ ա, ո՞վ ա գիտում ինչ կարող ա պատահի: Ուշքդ տանը պահի, նամակ ուղարկի. հալբաթ մի տեղով մեզ մի լուս կհասնի:
Ու ինքն իրեն, քթի տակ խոսում էր Բադին` օջախի մոտ, գլուխը կախ, թաց տրեխները ձեռքին: Հազար ու մի միտք գալիս-անցնում էր նրա գլխով, սրտի խորքից թառանչ էր ելնում, և անարցունք աչքերը ճպճպում էին, որպես մարմրուն ճրագներ:
Մյուս օրը Հաբուդը գնաց:
Տարան, ճամփա դրին մինչև գյուղի վերջը, ասացին, լաց եղան, համբուրեցին հազար անգամ ու մենակ վերադարձան իրենց խարխուլ խրճիթը` Աթանանց մեծ ընկուզենու մոտ:
Գյուղի տավարն այդ օրն առաջին անգամ ուշ գնաց հանդ: Տավարն էլ էր մոլորվել, ցաք ու ցրիվ բառաչում էր Վանդունց տան մոտերքում:
Անցան ամիսներ:
Հաբուդից նամակ էր գալիս: Նրան ճակատ էին ուղարկել, մի անգամ վիրավորվել էր ոտից, պառկել էր լազարեթում, լավացել, ու նորից դիրքերն էին ճամփել:
Նամակների մեջ Հաբուդը գանգատվում էր: Գրում էր, որ զորքը սոված է, շոր չունեն, ամեն շաբաթ մի դիրքից մյուսն են ուղարկում, հաշտության ոչ մի լուր չկա: Մի անգամ էլ նա գրել էր, թե շուտով արձակուրդ է ստանալու, տուն պիտի գա:
Ծնողների ուրախությունն անսահման էր: Հաթամի աղջիկն այդ նամակը ստանալու մյուս օրը գնաց Իսանանց արտը քաղհանելու: Նամակն Իսանանք էին ստանում, նրանք էլ կարդում էին ու պատասխան գրում:
Հաթամի աղջիկը դրա փոխարեն երկու օր առավոտից իրիկուն անվարձ քաղհանեց Իսանանց արտը:
Հաբուդը գրում էր, թե թանկություն է, զորքը մի քանի տեղ կոտրատել է խանութները: Էլ ուրիշ շատ բան էր գրել նա. հայրը չէր հասկանում, թե ինչու է այդպես: Պիսիրն ու Իսանանց մեծ ախպերը զայրանում էին: Մի նամակի մեջ էլ Հաբուդը գրել էր, թե` ախպեր, «մենք ինչո՞ւ պիտի կռվենք գերմանացու հետ, մեր ի՞նչ հաշիվն ա»:
– Հայվան, քեզ սալդաթ են ուղարկել, էլ գլխիդ ի՞նչ ես զոռ տալիս, – ասաց Իսանանց տղան նամակը կարդալիս:
Մի օր էլ քաղաքից լուր բերին, թե հեռագիր է ստացվել, որ զորքը հեղափոխություն է գցել, թագավորին թախտից վեր են բերել: Գյուղը նախ չհավատաց. Տանուտերը, պիսիրը, նույնիսկ գզիր Զաքին գեղամիջում բոլորին էլ ասում էին, թե այդ լուրը սուտ է: Իսկ տեր – Գևորգը, որ սաղմոս ու շարական անգիր գիտեր, համոզում էր, թե առանց չոբան ոչխար չի լինի, ժողովրդին մի գլուխ է հարկավոր, խառնակիչ մարդիկ են այդ լուրերը տարածում, գերմանի ագենտները:
Մի երկու օր անց քաղաքից երկու մարդ եկան, թևերին կարմիր շորի մի կտոր կապած: Մեկը վարժապետ Մինասն էր, մյուսն էլ մի ջահել տղա: Վարժապետ Մինասին գյուղացիք ճանաչում էին:
Վարժապետն սկսեց ճառ ասել, թե էլ թագավոր չկա, հիմա ազատություն է, հողը պիտի գյուղացուն տալ, ժողովուրդը սոված է, դրա համար էլ պիտի ջարդել գերմանացուն, կռիվ մինչև վերջ: Ջահել տղան էլ խոսեց, հետո ընտրություն արին:
Իսանանց մեծ տղան, Խաչումենց Օհանը և տանուտերը դառան կոմիտե: Ժողովրդից մի մարդ ասաց, թե տանուտերին չեն ուզում, արնախում մարդ է, բայց գզիր Զաքին աչքերը նրա վրա այնպես ոլորեց, որ խեղճի