Название | Մթնաձոր |
---|---|
Автор произведения | Ակսել Բակունց |
Жанр | Поэзия |
Серия | |
Издательство | Поэзия |
Год выпуска | 0 |
isbn | 9781772468212 |
– Տղադ սարսաղացել ա, Բադի ապեր, խելքը գլխից թռել ա:
Վանդունց Բադին երբեք չէր հավատա, թե Հաբուդը խելքը տանուլ կտա: Նա գիտեր, որ որդին աչքաբաց տղա է, ո՞վ գիտե ինչ հաշիվ ուներ Իսանանց տղան Հաբուդի հետ: Նա հենց էն գլխից նրան չէր սիրում:
Հաբուդը գրում էր, որ ինքը մի պոլկի կոմիտե է դառել, որ իրենց պոլկն էլ կռիվ չի ուզում: Իրիկունը գոլիս էր տուն, Հաթամի աղջկա հետ խոսում, հարցուփորձ անում, թե գյուղում ի՞նչ են ասում: Մի իրիկուն էլ Բադին թե`
– Հաթամի աղջիկ, լսե՞լ ես, որ ասում են, թե մեր Հաբուդը բալշևիկ ա դառել:
– Ի՞նչ…
– Բալշևիկ. Իսանանց տղան էր ասում: Բալշևիկն էն ա էլի, որ ուզում ա հարուստ քյասիբ խառնի իրար, հավասարացնի:
Անցավ մի ամիս էլ:
Մի օր էլ Հաբուդը տուն եկավ, առանց առաջուց հայտնելու:
Հենց երեկոյան դեմ, երբ մութ էր արդեն, ներս մտավ նա, շինելը ուսին, հաղթանդամ, բեղ ու միրուքով մի տղամարդ:
Վանդունց Բադու խրճիթն իր հիմնելու օրից այնքան ուրախություն երբեք չէր տեսել: Հարցուփորձ, գրկախառնումի արցունք և ուրախություն անչափ:
Հաբուդը հայտնեց ծնողներին, որ էլ զինվոր չպիտի գնա, էլ չի ուզում կռվել:
– Թող մի քիչ էլ Իսանանց տղերքը կռվեն:
Երկու տարվա բացակայությունից հետո, անհամար քաղաքներ թափառելուց հոգնած` Հաբուդը հանգիստ պառկեց հայրենի խրճիթում, խսրի վրա, պառավ մոր կողքին:
Մյուս օրը գյուղում ամենքն իմացան, որ Վանդունց Հաբուդը տուն է եկել:
Շատերն ուրախացան, Հաթամի աղջկան շտապեցին աչքալույս տալ: Բայց Իսանանց տղան ու պիսիրը, մինչև անգամ գզիր Զաքին չուրախացան:
Իսանանց տղան նրանց ասում էր, որ Հաբուդը բալշևիկ է դառել, նա գյուղում խառնակչություն պիտի անի, ջուրը պիտի պղտորի: Եվ գզիր Զաքուն անմիջապես հանձնարարվեց հետևել, թե ում հետ է լինում Հաբուդը, ուր է գնում, ինչ է անում:
Առիթը շուտով ներկայացավ:
Գյուղում մի ժողովի ժամանակ, որին ներկա էր և վարժապետ Մինասը` քաղաքի կոմիտեն, Հաբուդը մի քանի խոսք ասեց Իսանանց տղի հասցեին:
Ժողով էին արել, որ տուրք նշանակեն քաղաքի կոմիտեի համար: Վարժապետ Մինասը ճառ էր ասում, թե հեղափոխությունը վտանգվում է, գերմանացիք կաշառք են տվել բալշևիկներին, որ ռուսաց զորքը քանդեն: Հարկավոր է բանակը զորացնել, կյանքը զոհել հայրենիքի համար:
– Մեկը ես` պատրաստ եմ, երբ ինձ հրամայեն, թողնել տուն ու տեղ, գործ ու պաշտոն, գնալ կամավոր:
Այսպես էր ասում վարժապետ Մինասը և ճառում, կոկորդը պատռում, կուրծք ծեծում, ձեռքերը քամու ջաղացի թևերի պես շարժում օդի մեջ:
Իսանանց մեծ տղան էլ խոսեց, թե պետք է ազգային տուրքը տալ, այդ սուրբ պարտք է և ավելացրեց, որ խառնակիչ մարդկանց էլ գեղի միջից պիտի հեռացնել: Գյուղում մի քանի դեզերտիր տղերք կան, որոնց պիտի բռնել և քաղաք ուղարկել, թող թշնամու դեմ կռիվ գնան:
– Իսկ դո՞ւ երբ պիտի գնաս, – տեղից կանչեց Հաբուդը, որ մինչ այդ գլուխը կախ լսում էր և զայրույթից շրթունքը կրծոտում:
– Ձենդ, շան լակոտ, – որոտաց էն կողմից պիսիրը ու գզիրին աչքով արեց, որ վրա պրծնի: Եվ մի քանի տղերք, պիսիրի մարդիկ, վրա պրծան, որ ծեծեն, բայց Հաբուդն իզուր չէր մնացել ճակատում: Մի երկու հատ աջ ուձախ խփելուց հետո գյուղացիք միջամտեցին