Мое время, или Осенний дневник (на армянском языке). Григор Енокович Маркосян

Читать онлайн.
Название Мое время, или Осенний дневник (на армянском языке)
Автор произведения Григор Енокович Маркосян
Жанр
Серия
Издательство
Год выпуска 2017
isbn



Скачать книгу

պապդ կամավո՞ր մտավ կոլխոզ: Էս մարդը մի պորցի բորշ հյուրասիրեց, ասաց՝ արի, ես էլ եկա, թե չէ՝ ի՞նչ հորթ, ի՞նչ բան, տեղեկություն չունեմ:

      Դատարանից դուրս գալուց հետո, երբ հորթի տերը դժգոհել էր, քեռիս ասել էր.

      – Եգան ջան, ուզում էիր, որ մի աման բորշի համար սուտ վկայություն տամ՝ մարդուն տանեն կորցնե՞ն:

      Այն ժամանակ կարող էին կորցնել և՛ առանց պատճառի, և՛ սուտ վկայությունով, և՛ առանց վկայության, մի անզգույշ խոսքի կամ անմեղ կատակի համար:

      Մեր հարևան Գագո քեռուն երկու տարի նստեցրել էին, որովհետև «Սովետական Վրաստան» թերթով ծխախոտ էր փաթաթել, ծխել էր:

      Մի անգամ շրջանի միլիցիայի պետը սահնակով գյուղ էր եկել, գրասենյակի դռանը հավաքված գյուղացիներից պահանջել էր, որ ձիերին խոտ տան: Պիրաշկի Օհանը ասել էր.

      – Կոլխողը խո չի՞ մեռել, որ մենք տանք:

      Նրան անմիջապես փակել էին մի գոմում որպես վտանգավոր դասակարգային թշնամու և տրոցկիստի, վրան պահակ էին կարգել մինչև Գանձայից միլիցիոներներ գային: Նրան այդպես էլ տարել, կորցրել էին, չէին թողել, որ գոնե կնոջն ու միակ որդուն տեսնի:

      Դա այն Օհանն էր, որ կոլխոզ մտնելիս ասել էր՝ մեկեն մտնինք, մեկեն ելնինք:

      Երբ Պողպատե Առաջնորդը մեռավ, բոլորը պարտավոր էին լալ, լացն էլ կամավոր չէր: Մտքում անիծում ու լալիս էին կոլխոզի գրասենյակի դռանը, խանութի առաջ, բայց այնպես, որ ուրիշները տեսնեն իրենց լացը:

      Երևի դեռ երբեք չէր եղել այնպես, որ մի մարդու կյանքն ու մահը այդքան մեծ նշանակություն ունենային ուրիշների բախտի համար:

      Հիմա կարմիր են թվում այդ օրերը: Ժամանակի օրե՞նքն է այդ, թե՞ գույնի օրենքը, ի՞նչ իմանաս, ինչու՞ է այդպես:

      * * *

      Եթե աստված ինչ-որ պարգև է տվել մարդուն, ապա դա լեզուն է, լեզուն ընդհանրապես և ամեն մեկի համար՝ իր մայրենի լեզուն: Եթե քո տանն ես ու հողիդ վրա, դա սովորական հրաշք է, ինչպես խոտը կամ լույսը, իսկ եթե Աստծո անեծքով օտարության մեջ ես՝ վիրավոր հրաշք:

      Այս մասին առանց սրտի ծակոցի խոսել չի լինում, մանավանդ, եթե մի փոքրիկ, զգայուն ժողովրդի լեզվով ես մտածում կամ նրանով է վերքդ ցավում:

      Շատ տարիներ առաջ Հյուսիսային Կովկասի լեռնական փոքրիկ ազգերից մեկի մի բանաստեղծ իր լեզվի մասին ոգեշունչ հիացմունքով ասում էր՝ այդպիսի լեզու աշխարհում չկա: Լեռնական, անմշակ լեզու, բայց այդպես էր ասում:

      Իսկ եթե Նարեկ ունենային կան Թումանյան ու Չարենց…

      Սակայն ի՞նչ համեմատություն, եթե մայրենի լեզվի մասին է խոսքը, նույնն է, թե հայրենիքները համեմատես:

      Լեզուն, կարդիոգրամմայի նման մի բան է, ճառագայթային ամենաբարդ սարքերի պատկերներից ու գրություններից ճարտար սրտագրություն կամ հոգեգրություն, ամեն ինչ նրա մեջ է՝ ժողովրդի հոգին, բնավորությունը, միտքը, մտքի անցած ճանապարհն էլ, ոտքերի անցածն էլ:

      * * *

      Մեծ երկրի և հյուսիսային այս քաղաքի միջև մի բանվորական ավան կա, երկաթուղային մի փոքրիկ կայարան, որ կոչվում է… Կոմերիտական պատանեկություն…

      Մի փոքրիկ, մենավոր ավան՝ այդպիսի հնաբույր-ռոմանտիկ, այդպիսի անիրական անունով:

      Երբ առաջին անգամ այդտեղ հասա, ձմեռ էր: Հանկարծ գնացքը հայտնվեց տայգայի ձյուների մեջ կանգնած ավանում: Ձմեռային միրաժ էր կարծես, տեսողական խաբկանք: Թվաց, թե կախարդված գնացքը տայգայի մշուշների վարագույրներով անցավ