Название | Мое время, или Осенний дневник (на армянском языке) |
---|---|
Автор произведения | Григор Енокович Маркосян |
Жанр | |
Серия | |
Издательство | |
Год выпуска | 2017 |
isbn |
Երեկոները հայրս նստում էր սյան տակ, լամպին մոտիկ և սովորաբար կարդում էր բարձրաձայն, մանավանդ եթե լսող էր ունենում:
Բազմաթիվ ձմեռային երեկոներ ես ու Խաչիկը հափշտակված լսել ենք նրա ընթերցումները: Դրսում սուլում ու երգում էր լեռներից փչող քամին, իսկ հայրս կարդում էր նավթի լամպից տարածվող լուսավոր շրջանակի մեջ նստած: Այդպես մենք լսել ենք մեր ժողովրդական հեքիաթները, պատմավեպերը, Վախթանգ Անանյանի գրվածքները, «Ռոբինզոն Կրուզո»-ն, «Անգլուխ ձիավորը», «Տասնհինգամյա նավապետը» և այլն:
Չորս անառարկելի հեղինակություններ կային հորս համար՝ Րաֆֆին, Ջիվանին, Թումանյանն ու Ռափայել Պատկանյանը, որին միշտ Գամառ Քաթիպա էր կոչում:
Րաֆֆու գործերը, մանավանդ պատմավեպերը, նա ընկալում էր որպես ստույգ իրողություն, որպես հայ ժողովրդի կենսագրություն: Նրանք, բացի հարուստ տեղեկություններ տալուց, մինչև հոգու խորքը հուզում էին հորս: Խիստ հուզական տեսարանները նա անվանում էր «դժվար տեղեր» և կարդում էր մտքում, միայն շուտ-շուտ թաշկինակով աչքերն էր սրբում: Այդպիսի տեղերից էին պանդուխտ հոր և որդու հանդիպումը «Ղարիբ մշեցին» պատմվածքում, Մուրադի և հոր հանդիպումը «Խաչագողի հիշատակարան»-ում, Դրաստամատի այցելությունը շղթայակապ Արշակ թագավորին և այլն:
Ջիվանին սրբություն էր հորս համար: Նա փոխարինում էր ավետարաններին, Առակաց գրքին ու սաղմոսներին, որոնք անչափ սիրում էր, որոնցով կրթվել ու դաստիարակվել էր: Հորս հոգուն հարազատ էին մեծ գուսանի իմաստությունը, լավատեսությունն ու հայրենասիրությունը:
Հայրս բառացիորեն անբաժան էր նրա գրքից, գիշերը քնելիս դնում էր բարձի մոտ, անգամ հետը դաշտ էր տանում, կարդում էր թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին աղոթքի պես: Այդ գիրքը ես գնել էի Ախալքալաքի շուկայում մի ծերունուց: Այն հետաքրքիր ճակատագիր էր ունեցել, մի քանի տերեր էր փոխել Ստեփան Զորյանի կովի պես: Երկու-երեք տարի առաջ էր լույս տեսել, բայց պատկանել էր վեց հոգու: Վեցերորդ տերը՝ մի հեշտիեցի, խոշոր տառերով գրել էր շապիկին.
– Մուրազիս հասա, անջախ նաշոլ…
Թումանյանի քառյակները շատ էր սիրում հայրս, առհասարակ նրա գործերը շատ բարձր էր գնահատում, միայն թե չէր ներում նրան Գիքորի մահվան համար, կարդալիս միշտ լալիս էր ու ասում.
– Անաստվա՛ծ, էդպես կգրե՞ն, ինչու՞ մեռներ անմեղ երեխան:
Հորս սրտին առանձնապես հարազատ էին Պատկանյանի գյուղական ռոմանտիկ պատկերները, իսկ առանձին ոգեշունչ պահերի կամ գինովության ժամանակ երգում էր նրա «Թե իմ ալևոր հերքս սևնային» բանաստեղծությունը: Մի անգամ էլ քիչ էր մնացել փորձանքի մեջ ընկներ այդ պատճառով: Մի հարսանիքում, գինովցած լինելով, երգել էր, հաջորդ օրը կանչել էին կոլխոզի գրասենյակ, թե դաշնակցական երգեր ես երգում: Կատարածու Կուտուզենց Աբրահամը, որը եկել էր ետևից, ճանապարհին խորհուրդ էր տվել.
– Մեղքդ վրադ առ, ասա՝ սխալվել եմ, խմած եմ եղել, թե չէ կկորցնեն, երեխաներդ անտեր կմնան, աշխարհում ի՞նչ կփոխվի:
Հորս փրկել էին Աբրահամի խորհուրդներն ու մեկ էլ այն, որ առաքինի մարդու անբիծ անուն ուներ գյուղում, բոլորը հարգում էին նրան:
Վերջին գիրքը, որ կարդում էր նա, «Մխիթար սպարապետ»-ն էր: Հասել էր այն տեղին, ուր պատմվում էր, թե ինչպես Դավիթ բեկի հետ գժտված Մխիթար սպարապետը ճակատամարտի ամենածանր պահին իր զորքով գալիս