Название | Мое время, или Осенний дневник (на армянском языке) |
---|---|
Автор произведения | Григор Енокович Маркосян |
Жанр | |
Серия | |
Издательство | |
Год выпуска | 2017 |
isbn |
Իրերը չէին փոխվում, փոխվում էին մարդիկ: Գալիս ու գնում էին ուսուցիչները ծեր ու երիտասարդ, փորձառու կամ անփորձ, մեր գյուղից կամ եկվորներ տարբեր տեղերից, վրացիներ ու հույներ Ծալկայից, որոնք ռուսերեն էին պարապում: Գնում էին նրանք, որ տարիներ անց կարոտով հիշեն ու ցանկալով ցանկան այն ամենը, ինչ մի ժամանակ այնպես նզովում էին՝ աշակերտների չարությունները, գյուղի քարքարոտ փողոցներն ու բաց շները, գարնան ցեխն ու ջուրը, ձմեռվա ծնկահար ձյունն ու անվերջանալի բուքը:
Տարիների հեռվից հիշում եմ նրանց բոլորին իրենց բնավորությամբ ու սովորություններով: Հնարավոր չէ պատմել ամեն ինչ, նրանցից միայն մի քանիսի մասին կփորձեմ որոշ բաներ գրել այստեղ:
● Ամենից առաջ ուզում եմ գրել հայոց լեզվի և գրականության իմ ուսուցչի՝ Կոլյա Հակոբյանի մասին, սակայն իմ ծեր սիրտը դողում է հուզմունքից, ինչպես այն ժամանակ, երբ կիսախավար միջանցքում ուսուցչանոցի դռան մոտ նրան էի հանձնում իմ առաջին ու մինչև օրս միակ բանաստեղծությունը, որ նվիրել էի իրեն: Դա շատ տարիներ առաջ էր, ես սովորում էի կարծեմ վեցերորդ դասարանում:
Նրա լուսավոր կերպարը ինձ հետ է եղել միշտ իմ ամբողջ կյանքում: Ուր էլ գնացել եմ, զգացել եմ նրա ներկայությունը, դժվար պահերին նրա խորհուրդն ու օգնությունն եմ խնդրել:
Հիմա փորձում եմ գրել նրա մասին, սակայն երևակայության ինչ-որ խաբուսիկ խաղ է թվում այս ամենը՝ այդ հեռավոր օրերի հիշողությունների ջերմությունն ու հյուսիսի այս ցուրտը, այս ձյունն ու բուքը, որ սուրում, գալարվում է իմ պատուհանի դիմաց, սոճիների մութ պուրակի մեջ, ես՝ նրա աշակերտը, արդեն ծեր ու հիվանդ, իսկ նա իմ մտապատկերներում միշտ երիտասարդ… Կարծես թե մեզանից մեկնումեկը թյուրիմացաբար շփոթել է տեղ ու ժամանակ…
Նա ինձ համար Մարդու և Ուսուցչի տիպար էր: Ինձ միշտ թվացել է ու հիմա էլ այդպես է թվում, որ իսկական ուսուցիչը միայն այնպիսին պիտի լինի, ինչպիսին նա էր:
Իր ողջ էությամբ, կենցաղով ու վարքով, իր արտաքինով, անթերի հագուստով, անգամ ձեռագրով կարծես հաստատում էր այն միտքը, թե մարդու մեջ ամեն ինչ գեղեցիկ պիտի լինի:
Նրա լուրջ ու հավասարակշիռ պահվածքը պատկառանք էր ներշնչում, կարծես թե իր ներկայությամբ նա տիրում էր շրջապատին: Առանց հատուկ ջանքի դասարանը ենթարկում էր իրեն, բավական էր նրա հպարտ ու տիրական հայացքը միայն, որ բոլորը լռեին ու հնազանդվեին, անգամ ամենաանհնազանդ տղաները:
Մանկավարժական հմտություն կոչված բանը նա ստացել էր բնությունից իբրև շնորհ: Նրա ամեն մի դասը ստեղծագործական ինչ-որ բան ուներ իր մեջ: Նրա խոսքը միշտ հղկված էր, պարզ և անպաճույճ:
Նա պաշտում էր գրականությունը, նրա սերը որևէ գրական գործի, հատկապես բանաստեղծության նկատմամբ զմայլանքի էր հասնում: Դուրը եկած բանաստեղծությունը անպայման պիտի բարձրաձայն կարդար ինքն իրեն կամ որևէ մեկի համար: Քիչ է ասել, թե սիրում էր գիրքը: Գրքի հետ վարվում էր այն երկյուղածությամբ, ինչ որ մոլեռանդ հավատացյալը որևէ սրբազան առարկայի: Ամեն ինչ կներեր, բայց գրքի վրա որևէ բիծ