Название | Չար ոգին |
---|---|
Автор произведения | Ալեքսանդր Շիրվանզադե |
Жанр | Зарубежные любовные романы |
Серия | |
Издательство | Зарубежные любовные романы |
Год выпуска | 0 |
isbn | 9781772467000 |
Երբեմն հանկարծ թողնում էր սեղանը և, գերեզմանաքարերի միջով ոստոստալով, հեռանում էր: Թե ո՛ր էր գնում – հայտնի չէր: Կես ժամ անցած` վերադառնում էր, գլուխը կրծքին թեքած, քթի տակ երգելով ինչ-որ տխուր երգ:
Ամեն անգամ նա մեռելահացից բաժին էր բերում Սոնայի համար – մի քանի խաշած ձու կամ մի կտոր միս, իսկ մեծ մասամբ բարակ լավաշի մեջ փաթաթած «հալվա», որ ալյուրից, յուղից և մեղրից պատրաստած մի տեսակ տեղական քաղցրավենի էր: Հացթուխը հոգով դեմ էր այդ բաժիններին, բայց ներում էր խենթին: Նա երախտապարտ էր համարում իրան այդ մարդու առջև և չէր ուզում ոչ մի բանով նրա սրտին դիպչել: Շատ անգամ հրավիրում էր խենթին ճաշի, նստեցնում էր իր ամուսնու մոտ և երկուսին էլ հավասար խոնարհությամբ ծառայում:
Իսկ Սոնան օրիցօր ընտելանում էր գիժ-Դանելին: Չկար այլևս առաջվա երկյուղը այդ մարդուց: Այժմ ծիծաղում էր իր նախկին ընկերուհիների վրա, որ այնպես փախչում էին Դանելից: Օ’օ, նա բոլորովին գիժ չէ, բարի է, խաղաղ, անվնաս: Բայց ինչո՞ ւ համար է այնքան ցավակցում Սոնային: Այս հարցը երբեմն Սոնային ձգում էր մտատանջության մեջ: Առհասարակ նա հետզհետե դառնում էր մտախոհ, մելամաղձոտ: Թվում էր, որ նրա փոքրիկ գլուխը անգործ չէ, և շատ մտքեր են նրան զբաղեցնում: Ամենից պարզ զգում էր մի բան, այն` թե կա մի ցավ, որ թունավորում է իր մոր կյանքը: Ի՞նչ է այդ ցավը: Հոր արբեցությունը, կոպիտ վարմունքը: Եթե այդ է, ինչու առաջ նրա մայրը այնպես տխուր չէր, ինչպես այժմ: Նա չէր զգում միայն իր սեփական ցավը, չգիտեր, որ ինքն է մոր թշվառության առաջին պատճառը: Այդ նրան ոչ ոք չէր ասում: Մի անգամ, անգութ հարվածից հետո ուշքի գալով, տեսավ իր մորը հեկեկալիս ու հարցրեց,
– Մա՛ յրիկ ես հիվա ՞նդ եմ:
– Չէ՛, որդի…
– Գլուխս էլի ցավում է. քնա՞ծ էի:
– Հա՛, որդի…
– Բաս ինչո՞ ւ ես լաց լինում:
Հացթուխի լեզուն պապանձվեց, չկարողացավ պատասխանել: Նա միայն գրկեց Սոնայի գլուխը և համբուրեց նրա շքեղ մազերը, սպիտակ ճակատը, գունատ այտերը: Ժամանակը թշվառ մորը հաշտեցնում էր իր վշտի հետ: Նա տանջվում էր, բայց ոչ առաջվա չափ: Նա բողոքում էր իր ճակատագրի դեմ, բայց և՛ օրհնում էր նախախնամության կամքը:
«Ասում են, երբ աստված մեկին շատ է սիրում, նրան շատ է տանջում, – մխիթարում էր ինքն իրան հուսահատ րոպեներին, – ո՛վ գիտի, կարելի է աստված ինձ շատ է սիրում»:
Նա ձգտում էր իր թշվառության համար արդարացուցիչ պատճառներ գտնել: Շատ խիստ էր ճակատագրի վճիռը, և չէր ուզում հաշտվել այն մտքի հետ, թե այդ վճիռը կայացնողը կարող է, առանց մի մեծ պատճառի, լինել այդքան անիրավ, այդքան անողոք: «Աստված արդար է և ողորմած», հնչում էին նրա ականջին այս խոսքերը, որ ամեն օր լսում էր եկեղեցում: Մի՞ թե քահանան կարող է սուտ ասել, մի՞ թե եկեղեցին կարող է խաբել:
– Մեղա քեզ, մեղա քեզ, – կրկնում էր հացթուխը ամեն անգամ, երբ սրտում զգում էր կասկածի նշույլ, և այդ նշույլը նույն վայրկյանին անհետանում էր, տեղի տալով խորին հավատի զգացման:
III
Ամեն օր հացթուխ Շուշանը աշխատանքի գնալիս տեսնում էր խումբ-խումբ տղաներ և աղջիկներ, որոնք գրքերը կռնատակերին, աշխույժ-աշխույժ խոսակցելով, ուսումնարան էին գնում: Աղջիկների ուսումնարանը նոր էր բացվել: Հացթուխը լսել էր, որ այնտեղ բացի գրել-կարդալուց, սովորեցնում են սիրուն շալեր ու սփռոցներ հյուսել: Ախ, ի՛նչ լավ կլինի, որ Սոնան էլ այդ ուսումնարանը