Название | Երկեր եւ վիպակներ |
---|---|
Автор произведения | Ատրպետ |
Жанр | Современная зарубежная литература |
Серия | |
Издательство | Современная зарубежная литература |
Год выпуска | 0 |
isbn | 9781772466850 |
– Սահաբ, ինչպես որ հրամայես, ես պատրաստ եմ կատարելու, տունը ես նրան կդարձնեմ անմիջապես, – ասաց գունատված Հաջի-Ալին:
– Բայց քո երեսուն տարվան կյանքը այնպես ապականված է, որ ոչ միայն տունը, այլ կնոջ կրած բոլոր զրկանքները մինչև չդարձնես, չես կարող փրկվել:
– Պատրաստ եմ, սահաբ, միայն թե իմ հարկս մի խայտառակեք:
– Երբ բոլոր խոստացածդ կկատարես, այն ժամանակ կմտնեմ քո հարկը քեզ մխիթարելու, իսկ այսօր առանց այս կնոջ հաճության չեմ կարող մնալ այս տանը, – ասաց, վեր կացավ դենպետը և ուղղվեց դեպի փողոց:
Բոլոր հանդիսականները նրան հետևեցին: Հաջի-Ալին կաթվածահար ընկավ և դարձրեց տները Դալալ-Բաշու կնոջը:
ԵՐԱԽՏԻՔ
Ամբողջ Թավրիզը մեծ իրարանցումի մեջ էր, ամեն կողմից ժողովուրդը դիմում էր դեպի փողոց, որտեղից անց էին կացնելու դահիճները քյալբալա Ղասըմին և Թոփ-Խանեի հրապարակն էին տանելու, որպեսզի մյուջթեհիդի վճիռը գործադրեին: Էլ հասակավոր, երիտասարդ թե երեխա, կին, պառավ թե աղջիկ, ամենքը շտապ-շտապ Թավրիզի նեղ-նեղ փողոցներից անցնելով, դիմում էին մյուջթեհիդի բնակարանի շրջապատի նեղ-նեղ փողոցները և այդ նեղլիկ անցքերում, որոնց միջով չորս-հինգ մարդ կշտեկուշտ չէին քայլել, ամբոխի ահավոր բազմությունը ղժվրտում էր իր բազմազան դասերով և խայտաբղետ տարազներով:
Ժխորը այնպես էր տարածվել օդի մեջ, որ կողք-կողքի կանգնած մարդիկ իրար չէին կարողանում լսել, երկու խոսք իմանալու համար ականջ խլացնելու աստիճանի պետք էր ճվալ:
Ամառային տաք օր էր, թեև մութ փողոցների թանձր կամարակապ ծածկույթներից արևի ճառագայթները չէին կարող ներս թափանցել, բայց աղբերով, կեղտոտություններով նեխված փողոցներում արդեն այնպիսի գարշահոտություն էր տիրում, օդն այնպես էր թանձրացել և տոթը սաստկացել, որ ժողովուրդը, բավականություն չստանալով, ծանրությամբ էր շնչում: Թեև ամեն կողմ բարձրահասակ, առույգ, առողջ ու պնդակազմ մարդիկ էին երևում, բայց այդ ապականված մթնոլորտում իրար հրելով, հրմշտելով այնպես էին կարմրել, որ կարծես այտերը, ճակատները բոցավառվում էին, քրտինքները անվերջ քունքերից, ծոծրակներից ու ճակատներից գլորվում էին, և գոլորշին աննկատ բարձրանում էր նրանց գլխից:
Հանկարծ մի սեիդ ձիավորված դուրս եկավ մյուջթեհիդի բնակարանից և սկսեց գոռալ. – Ճանապարհ բացե՜ք, բացվեցե՜ք, ճանապարհ տվեք: – Ամբոխն սկսեց քամու թեքած ցորենի ցողունների նման պառկիլ՝ սեիդին հետևող ձիավորներին ճանապարհ տալու համար, իրար ետ-ետ էին վռնդում այնպես, որ կարծես ձիավորները շոգենավի նման ծովը ճեղքելով առաջ էին գնում, իսկ ամբոխը ետ-ետ տատանվելով ալիքների նման պատերին էր խփվում:
Այդ հրմշտկոցն ավելի սաստկացավ. իրար սղմրտելուց և կոխկրտելուց թեև վայնասունն ու ճիչերը էլ ավելի սաստկացրին ժխորը, բայց ժողովուրդը առանց ուշք դարձնելու այդ աղաղակներին, բոլորի աչքերը հառած էին մյուջթեհիդի բնակարանի դռանը և սպասում էին անհամբեր, որ տեսնեն ոճրագործ քյալբալա Ղասըմին դուրս գալիս:
Թեև երկու-երեք խումբ ձիավորված սեիդներ դուրս եկան կրոնապետի ապարանքից, դիմեցին Թոփ-Խանե ու վերադարձան, բայց դեռ չարագործին դուրս