Название | Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ) |
---|---|
Автор произведения | ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ |
Жанр | Афоризмы и цитаты |
Серия | |
Издательство | Афоризмы и цитаты |
Год выпуска | 2018 |
isbn |
Ռիման նայում է ժամացույցին։ Ուշանում ենք։
– Մեր Գուգարանց աշխարհը, մեր Լոռվա ձորը բարով հիշեցեք,-ասում են Սարգիս Աղաբեկյանն ու Արմենուհին։
Նեղ կածանով իջնում ենք դեպի Քոլագերան։ Մեզ ծանոթ կածանն է. մորոլվելու վախ չունենք։
Քուն էր մտել անտառը, և լուսինը բարձրից հսկում էր անտառի անուշ քունը, այնտեղ, ձորում աղմկում էր գետը՝ Դեբեդը, և միալար լռության մեջ, Դեբեդի միալար վշշոցի հետ ասես մեկը կամաց երգում էր մութ ձորում.
Հեյ , պարոններ, տեսա կանաչ գարունքի
Էս սարերում լաց էր լինում մի պախրա,
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին
Էս սարերում լաց էր լինում մի պախրա
Գընդակն առած գնում էր փուչ աշխարքից
Գանգատվելով մարդու անգութ արարքից
Արյուն տալով, մղկտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա…։
Մութ ձորում, իրոք, կարծես թե տխուր երգում էր ինչ-որ մեկը։ Փամբակի լեռներում սուլեց, հետո երևաց Երևան-Թբիլիսի գնացքը։ Մենք արագացրինք մեր քայլերը։
Ներքևում երևում էին արդեն Քոլագերան կայարանի լույսերը։
=================
Մ Ա Ն Ր Ա Ք Ա Ն Դ Ա Կ Ն Ե Ր
Ե Ր Բ Ե Ս Չ Ե Մ Լ Ի Ն Ի
Նվիրում եմ Քեզ
1 .
Երբ ես չեմ լինի` արեգակն այնտեղ, սարերի վրա, մի վերջին անգամ մեղմ կհուրհրա` մինչև սև ամպը վարագույրի պես կիջնի` ծածկելու երեսը նրա:
Անտառի խորքից դալուկ, բեկբեկուն կկանչի կկուն` թալկացող սրտի տրոփին հանգույն, գեղ-գեղ կըերգի դեղձանիկն այնտեղ, և սաղարթախիտ ծառերն վերևի՝ բարձր երկնքում դինջ օրորվելով, ինձ գնաս բարով կասեն երևի:
Մամռոտ քարերով Ղըրմա աղբյուրը վճիտ ղողանջով մանկութ օրերիս ասքը կհյուսի և հեռու՜-հեռու՜, հեռու հուշերում իմ նետած քարից թևը արնաներկ հավքը կճչա մի վերջին անգամ ու նրան ոչ ոք դառը կսկիծով չի հիշի արդեն ինձանից հետո:
Երբ ես չեմ լինի` ոչինչ չի փոխվի, արևը կելնի ու մայր կմտնի, անտառից եկող հավքի դայլայլն ու լորի սաղմոսը` հանդարտ ալիքվող դեղձան արտերում, նույնը կլինի, հեռու քաղաքում, անմոռաց սիրո մրմունջը հոգում` կորստի ցավից մեկը կարկամած կարտասվի թաքուն…
Երբ ես չեմ լինի` ոչ ոք ինձ համար արցունք չի հեղի Նրանից բացի …
2 .
Ե Ր Բ Դ ՈՒ Չ Ե Ս Լ Ի Ն Ի
ՆՐԱ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԻՆՁ՝
ՀՂՎԱԾ ԱՐՑՈՒՆՔԻ ՄԻՋԻՑ
Երբ դու չլինես` իրավ, չի փոխվի, ոչինչ չի փոխվի այս մեծ աշխարհում: Արևը կցոլա ինչպես որ առաջ, նույնը կլինի գեղեցկատեսիլ այգը երևի, և վերջալույսի հուրը կշողա մուգ հորիզոնում…
Երբ դու չլինես, գետակը ձորում մունջ կխոխոջա՝ շոյելով գետի քարերը ողորկ, կեռնեխը այնտեղ՝ ձորի պռնկի թավուտ անտառում կըերգի տրտում: Ծաղիկներն էլի առաջվա նման փթթուն դաշտերում կբուրեն դյութիչ, լորը կկանչի հասած արտերում, թիթեռնիկները՝ ոսկյա թևերով, կճախրեն թեթև՝ հուշիկ նստելով նուրբ ծաղիկներին …
Միայն ինձ համար, ախ, լոկ ինձ համար աշխարհը մեկեն լուռ կհամրանա, աչքերս՝ աղի արցունքներով լի, սիրտս՝ մորմոքուն, որբացած հոգիս կողբա թաքուն…
Եվ ձեռքերը իմ՝ անզգա, անկամ, կկարկառվեն վեր.
,, Օ ՜, Տեր իմ, Տեր իմ, անսա անձկալի