Название | ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ) |
---|---|
Автор произведения | Լևոն Ադյան |
Жанр | Остросюжетные любовные романы |
Серия | |
Издательство | Остросюжетные любовные романы |
Год выпуска | 1990 |
isbn |
– Հայոց պատմության մեջ չի արձանագրված որևէ փաստ, որ մեզ նվաճողներից պարսիկը, արաբը կամ թուրքը հայ վեհափառ սպանած լինի: Դրան մենակ բոլշևիկներն ընդունակ եղան: Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը հրաժարվում է Մայր Աթոռի գանձերը տալ բոլշևիկներին: 1938-ի ապրիլին նրան գազախեղդ են անում Էջմիածնում: Եվ ո՞ւմ հրամանով է արվում՝ հայ բոլշևիկ Անաստաս Միկոյանի: Եվ վերջապես, Սերգո Օրջոնիկիձեին միացած՝ ո՞վ առաջարկեց վերանայել Անդրկովկասի բյուրոյի պլենումի 1921-ի հունիսի երեքի որոշումը՝ հօգուտ Հայաստանի, ու մի ամիս ու երկու օր անց՝ հուլիսի հինգին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն ո՞վ դեմ քվեարկեց՝ այդ նույն բյուրոյի ընդհանուր քարտուղար Հմայակ Նազարեթյանը: Այդ հատկությունները տարիներ ի վեր պիոներ Պավլիկ Մորոզովից ու կիրովաբադցի Գրիշա Հակոբյանից սկսած մինչև այսօր, խրախուսվել են, գիտակցաբար արմատավորել: Ստալինի, Բերիայի, Բագիրովի մարդակործան արարքներին օգնած և ոչ մի տականք նրանց մահից հետո անգամ չի պատժվել: Պատերազմի նախօրեին Ստալինը կարմիր բանակի ղեկավար անձնակազմից՝ մարշալից մինչև լեյտենանտ, քառասուն հազար հոգու գնդակահարեց: Մարշալ Բլյուխերին, նրա կարգադրությամբ, անմարդկային տանջանքների են ենթարկում, փշրում ողնաշարը, բանտարկության տասնութերորդ օրը փառապանծ մարշալը զոհվում է քննիչների սապոգների տակ: Քառասունվեց թվականին, այս անգամ արդեն Բերիայի կարգադրությամբ ու անմիջական մասնակցությամբ, այդ նույն քննիչների սապոգների տակ խոշտանգումների է ենթարկվում նաև մեր քաջ հայրենակից մարշալ Խանփերյանցը՝ Մեծ Թաղլար գյուղից: Տասնութ թվականին նա ծածկագրող էր եղել այստեղ՝ Բաքվի կոմունայի շտաբում, լսել է Բերիայի գաղտնի հեռախոսազրույցը անգլիական հետախուզական ծառայության աշխատակցի հետ և այդ մասին հաղորդել կոմունայի ղեկավարությանը: Բերիան դա չէր մոռացել… Բլյուխերն ինչ, միջազգային մասշտաբի այդ դահիճ Ստալինը քառասուն միլիոն մարդու գլուխ կերավ, նա կարող էր ամբողջ երկրի գլուխն էլ ուտել, բայց, բարեբախտաբար, սահմանափակվեց այդքանով: Ո՞վ էր նրա ձեռքը բռնելու, ո՞վ էր ընդդիմանալու, եթե այդ թիվը կրկնապատկեր ու քառապատկեր: Ոչ ոք: Սպանելու, աքսորելու, երկրի երեսից մարդկանց, ամբողջ ժողովուրդներ, ազգեր ջնջելու իրավունքը միայն ու միայն իրեն էր վերապահված, իր սեփականությունն էր: Միահեծան ու անսահմանափակ իշխանության տեր, իր անձնական դիկտատուրան ներկայացրած որպես պրոլետարիատի դիկտատուրա: Ամեն ինչ տեղը տեղին՝ կա՛ սովետական ժողովուրդ, կա՛ նրա առաջատար ջոկատը՝ բանվոր դասակարգը, կա՛ այդ դասակարգի առաջավոր ջոկատը՝ կուսակցությունը, կա՛ այդ առաջավոր ջոկատի ղեկավարող կորիզը՝ Քաղբյուրոն և, վերջապես, նրա գլխավոր քարտուղարը՝ Ստալինը, որի կամքը կուսակցության կամքն է, ով դեմ է Ստալինին՝ դեմ է կուսակցությանը, ով դեմ է կուսակցությանը՝ դեմ է ժողովրդին, նրա թշնամին է: Հիմա այդ իրավունքն իրար մեջ կիսել են հազարավոր մանր ստալիններ, որոնցից մեկն էլ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովն է, համարյա նույնանման իշխանության տեր: Ստալինին հետմահու պատժեցին, դատապարտեցին նրա անօրեն արարքները, Բերիային ու Բագիրովին գնդակահարեցին, իբր տեսեք, դատապարտեցինք, մենք սահմանադրություն ունենք, դատախազություն, դատարան ու արդարադատություն ունենք: Դրանք բոլորը, իբր, ժողովրդի շահերին ծառայելու համար են ստեղծված: Հիդրայի կտրված գլխի փոխարեն աճել են