Название | Դավիթ Բեկ |
---|---|
Автор произведения | Րաֆֆի |
Жанр | Зарубежная классика |
Серия | Столетие геноцида армян |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9785000649824 |
Գիշերից բավական անցել էր: Այժմ Հարունին անհանգստացնում էր ոչ թե կնոջ անզգամությունը, այլ գլխավորապես այն միտքը, թե ի՞նչ պետք էր անել անտանելի հյուրի հետ: Պահել նրան իր տանը չէր կարող, իսկ այն ուշ, գիշերային պահուն դռները բաց անել նրա առջև, այդ ոչ միայն անկարելի էր, այլ իր երկրի հյուրասիրական սովորություններիին բոլորովին հակառակ: Բայց ինչո՞վ հյուրասիրել նրան: Չնայելով որ այն օր ուրբաթ էր, չնայելով որ ուրբաթ օրը ամեն մի հրեայի տնում նախապես պատրաստվում են շաբաթվա բոլոր կերակուրները, իսկ իր տնում ոչինչ պատրաստություն չկար: Ուրեմն, պահելով հյուրին իր տանը, նա պիտի արդարացներ Եսթերի գանգատը, թե հրեաների մեջ ամենահարուստ ամուսինը իր կնոջը քաղցած էր պահում: Այս պատճառով Հարունը շատ ուրախ եղավ, երբ իշխանը հրամայեց նրան հայտնել ծառաներին, որ ձիաները պատրաստեն:
– Միթե իմ տունը արժան չէ՞ ձեզ մի գիշեր անցկացնելու համար, – ասաց նա կեղծ քաղաքավարությամբ: – Այժմ ու՞ր կարող եք գնալ, շատ ուշ է:
– Չեմ կարող մնալ, – պատասխանեց իշխանը:
– Մնացեք, խնդրում եմ… – աղաչում էր Եսթերը այնպիսի մի ձայնով, որ կարող էր ազդել ամեն մի երիտասարդ սրտի վրա:
Հարունը թեքվեցավ և այնպես պարզ փսփսաց կնոջ ականջին, որ բոլորը լսեց իշխանը.
– Դու չե՞ս հասկանում, հիմար, որ հրեայի տունը, հրեայի հացը պիղծ է քրիստոնյայի համար:
– Ես նրա համար մաքուր անկողին կպատրաստեմ, – ասաց կինը լսելի ձայնով, ուշադրություն չդարձնելով, որ այրը նրա հետ ծածուկ է խոսում:
– Շնորհակալ եմ, Եսթեր, – ասաց իշխանը դառնալով դեպի կինը, – ցավում եմ, որ չպիտի կարողանամ մնալ. մի անհրաժեշտ գործ ստիպում է ինձ հեռանալ այստեղից: Բայց խոսք եմ տալիս, երբ մյուս անգամ կգամ կնիքները ստանալու, գիշերը հյուր կմնամ ձեզ մոտ:
Հարունը առանց սպասելու իշխանի հրամանին, դուրս եկավ խրճիթից ծառաներին պատվիրելու, որ ձիաները պատրաստեն: Այդ միջոցին Եսթերը մոտեցավ իշխանին, և նրա աջը բռնելով իր դողդոջուն ձեռքերի մեջ, կրկին սեղմեց իր վառված շրթունքների վրա, ասելով.
– Ես ձեզ շատ բաներ ունեի ասելու… խիստ շատ բաներ… Ափսո՛ս որ չմնացիք…
Խեղճ կնոջ աչքերում երևացին արտասուքի կաթիլներ:
Դրսից լսելի եղավ Հարունի հազալու ձայնը, որ նշան էր, թե ահա գալիս եմ: Կինը հեռացավ իշխանի մոտից:
– Լսու՞մ ես, Հարուն, ուղիղ մեկ ամսից հետո կնիքները պետք է պատրաստ լինեն, քառասուն հատ:
– Լսում եմ, աղա, միամիտ կացեք: Հարունը մի աշխատություն երբ հանձն առեց, իր ժամանակին կկատարե:
– Մնացեք բարյավ, Եսթեր:
Այր և կին դուրս եկան հյուրին ճանապարհ դնելու: Երբ նրանք փոքր-ինչ հեռացան, Հարունը ասաց Եսթերին.
– Ես էգուց առավոտյան քո հոգին կառնեմ…
– Կանչե՞մ… կանչե՞մ աղային… – սպառնացավ