Название | Դավիթ Բեկ |
---|---|
Автор произведения | Րաֆֆի |
Жанр | Зарубежная классика |
Серия | Столетие геноцида армян |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9785000649824 |
Պարսից պետությունը այդ ժամանակ գտնվում էր իր օրհասականի մեջ: Ավղանիստանի Ղանդահար քաղաքից Մյուրվեիսի որդի Միր-Մահմուդ-խանը, տիրելով Սպահան քաղաքին, գահընկեց արեց պարսից Հյուսեին շահին և ինքը նստավ նրա տեղը: Արևելյան Պարսկաստանը ընկավ ավղանների իշխանության ներքո: Այդ ժամանակ պարսից Հայաստանում համարյա անիշխանություն էր տիրում: Թեև աթոռազուրկ Հյուսեին շահի որդին, շահ Թահմասը, լսելով ավղանների հաղթությունը, Մազանդարանում թագավոր դարձավ և եկավ, նստեց Թավրիզ քաղաքում, բայց նա այն աստիճան թույլ, արբեցող և փոփոխամիտ մարդ էր, որ շուտով զզվեցրեց իր զորապետներին, բոլորը հեռացան նրանից, և ինքը, շահ Թահմասը, անօգնական մնալով, գնաց Աստապատ և գաղտնի ապաստան գտավ Աստվածատուր անունով մի հայ իշխանի տանը: Երևանի նահանգին այդ ժամանակ տիրում էին օսմանցիները: Նրանք ավելի ցանկանում էին Հայաստանի այդ մասը հայ իշխանների ձեռքով կառավարել և նրանցից մի որոշյալ տուրք ստանալ, քան թե պարսից խաների ձեռքը տալ:
Բոլոր հանգամանքները հաջողություն էին խոստանում: Պարսից և թյուրքաց արքունիքները սարսափելի խռովության մեջ էին: Շահերի և սուլթանների գահերը, խաղագնդակների նման, անդադար մի ձեռքից մյուս ձեռք էին անցնում: Պարսկաստանի և Թյուրքիայի մեջ ամեն օր ծագում էին նոր ապստամբություններ, ամեն օր կազմվում էին նոր, անկախ իշխանություններ: Միայն հայերը անշարժ էին, միայն հայերը իրենց ազատության վրա չէին մտածում: Այդ սաստիկ խոցում էր Շահումյան իշխանների վերջին ժառանգի` Ստեփաննոսի սիրտ: Ի՞նչ պետք էր արած: Բոլոր ժողովուրդներից ավելի տանջված, ավելի հարստահարված, ավելի թշվառ ազգը` հայը, ոչինչ չէր զգում: Կարծես, հանգիստ, ապահով և վայելուչ կյանքի փափագը մեռած լիներ նրա մեջ:
Երիտասարդ իշխանը այդ կարծիքի հետ բոլորովին համաձայն չէր: ժողովուրդը հոգեպես և բարոյապես բոլորովին մեռած չէր: Նրա սրտում դեռ մնացել էին հարուստ, կենդանի տարրեր. միայն պետք էր ջերմացնել նրանց, պետք էր բորբոքել, ուժ տալ, և ահա միևնույն ստրկացած ժողովուրդը ոտքի կկանգներ հսկայի անձնավստահությամբ: Ստեփաննոսը գիտեր այդ բոլորը: Նա հավատում էր հայի տոկունությանը: Նա գիտեր, հայը որքան համբերող է, որքան տանող է բռնության լծի ծանրությունը, այնքան շուտով պատրաստ է թոթափել այդ լուծը, եթե հանգամանքները կնպաստեին: Միայն հայը զգույշ է, հեռատես է, խորհող է, բայց շուտ վճռող չէ, և դրա մեջն է կայանում նրա բոլոր դանդաղկոտությունը: Զգուշությունը նրա մեջ հանցավոր երկչոտության կերպարանք է ստացել: Նա երբեք չի սկսի մի գործ, եթե հավատացած չէ, թե հաջողությունը իր կողմը կլինի: Ուր մի փոքր անզգուշություն, մի փոքր զոհողություն, մի փոքր խենթությունն անգամ կարող էր մեծ գործ կատարել, – այնտեղ հայը խնայող է և խելացի: Նա միշտ իրան հեռու է պահում անմիտ բախտախնդրության ցնորքներից, և այդ, Ստեփաննոսի կարծիքով, վատ էր: Նրա թեորիան