Название | Դավիթ Բեկ |
---|---|
Автор произведения | Րաֆֆի |
Жанр | Зарубежная классика |
Серия | Столетие геноцида армян |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9785000649824 |
Օտարականը, կրակի մոտ կկզած, տաքանում էր: Չնայելով, որ գարնան սկիզբն էր, բայց եղանակը դեռ մրսեցնելու չափ ցուրտ էր: Տեսնելով երիտասարդին, նա վեր բարձրացավ, խոնարհությամբ գլուխ տվեց:
– Ո՞րտեղացի ես, – եղավ երիտասարդի առաջին հարցմունքը:
– Ձեր ծառան տաթևացի է, – պատասխանեց նա համարձակ կերպով, և մոտենալով, ավելացրեց.
– Աղայի համար նամակ եմ բերել:
Տաթևի անունը լսելիս, երիտասարդի սիրտը սկսեց դողալ, բայց նա ծածկելով իր խռովությունը, ասաց.
– Տուր ինձ նամակը:
Օտարականը առեց գլխից մորթե ահագին փափախը, նրա ծալքից դուրս հանեց երկու մեծ ծրար, տվեց երիտասարդին:
Կրակի շուրջը, հատակի վրա, տարածված էր փափուկ և ցամաք խոտ, իսկ խոտի վրա փռված էին թանձր օթոցներ: Սենյակի մի կողմում, պատի տարածության չափով, հասարակ, անգույն փայտից շինված էր երայն թախտ, որի վրա փռված էր պարսկական գորգ և դրված էին մի քանի բարձեր, կարված արևելքի գունավոր, մետաքսեղեն կերպասից: Այդ միակ մաքուր անկյունն էր ամբողջ սենյակի մեջ, որ ցույց էր տալիս փոքր ի շատե ճաշակ և շքեղություն: Սենյակի պատի այն ճակատը, որ կողմում դրված էր թախտը, պատած էր նույնպես պարսկական գորգով: Նրա վրա քարշ էին տված զանազան տեսակ զենքեր, զանազան տեսակ զինվորական և որսորդական պարագայք: Երիտասարդը ծալապատիկ նստեց թախտի վրա, հրամայելով իր ծառային, որ տանե նամակաբերին իր մոտ ախոռատունը, իսկ ինքը բաց արեց նամակներից մեկը և սկսեց կրակի լույսով կարդալ:
Նախ ուշադրություն դարձրեց նա ստորագրությունների վրա: Ստորագրությունների բազմությունը, որոնց յուրաքանչյուրի մոտ դրոշմված էր մի-մի կնիք, տալիս էր այդ նամակին ավելի հանրագրի ձև: Առաջին տեղը բռնում էր Տաթևի վանքի վանահայր, միևնույն ժամանակ Ղափանի ամբողջ վիճակի առաջնորդ Ներսես եպիսկոպոսի խոշոր կնիքը: Հետո կարգով շարված էին մյուս վանքերի եպիսկոպոսների և վարդապետների կնիքները: Նրանցից հետո Սյունյաց աշխարհի զանազան իշխանների, մելիքների և տանուտերերի կնիքները վերջին տեղն էին բռնում: Դրանցից շատերին երիտասարդը անձամբ ճանաչում էր, իսկ ոմանց անունները միայն լսած էր: Նամակը սկսվում էր օրհնություններով և բովանդակում էր իր մեջ խիստ տխուր նկարագիր Սյունյաց աշխարհի ցավալի դրության մասին: Նա պատկերացնում էր հայոց ճնշված ժողովրդի վերջին աստիճանի թշվառությունը, մահմեդականների անգթությունները, խաների անսահման բռնությունները, բնակիչների անդադար կոտորածները, գերությո