Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Читать онлайн.
Название Կայծեր Մաս 2
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772467086



Скачать книгу

մեջ կարգով դրված էին յուղ, պանիր, մեղր, աղ դրած տառեխ և զանազան տեսակ թթուներ խաղողից, բոխիից և պես-պես մրգերից ու բանջարեղեններից: Ես առաջին անգամ տեսնում էի այսպիսի լիություն:

      – Այդ բոլորը ո՞վ պիտի ուտե, – հարցրի ես զարմանալով:

      Մենք էլ կուտենք, ուրիշներն էլ կուտեն, – պատասխանեց պառավը բարեսիրտ ծիծաղով: – Աստված խո բոլորը միայն մեզ չէ տվել. նա տվել է, որ մենք էլ չունեցողների համար բաժին հանենք:

      – Գնե՞լ եք այդ ամենը:

      – Ոչինչ չենք գնել: Բոլորը մեր տանիցն է. յուղը, պանիրը ստացել ենք մեր կովերից ու ոչխարներից, մեղրը մեր մեղուներից, մյուսները նույնպես մեր բերքերից ենք ստացել: Պատահում է, որ երբեմն քրդերը մեզ համար յուղ, պանիր, չորաթան ընծա են բերում, բայց մենք նրանց բերածը չենք ուտում, տալիս ենք վաճառելու:

      Ես իսկույն հիշեցի, որ այդ սովորությունը Պարսկաստանի հայոց մեջ էլ կար, մանավանդ կանանց մեջ, որ «թրքազեն» է ասելով, մահմեդականների թե՛ մորթած միսը և թե՛ այլ ուտեստները պիղծ կհամարեին և չէին գործածի, ինչպես, փոխադարձապես, մահմեդականները հայերի պատրաստած ուտեստների վերաբերությամբ նույն կարծիքն ունեին:

      Հետո մտանք ամբարը, որ մի ցամաք շինվածք էր, և ամեն կողմից օդը համարձակ անցուդարձ էր անում: Այստեղ ահագին, քառանկյունի փեթակները լի էին ցորենով և ալյուրով: Մեծ և փոքր խարարների ու ջվալների մեջ դրած էին զանազան տեսակ ընդեղեններ` բրինձ, ձավար, կորկոտ, մաշ, բակլա, սիսեռ, ոսպ և այլն: Դրանք պահոց օրերի համար էին:

      – Բացի բրինձից, – ասաց պառավը, – մնացած բոլորը մեր մշակություններից ենք ստացել: Բրինձի մշակությունը այստեղ չի հաջողվում, և այնքան էլ ջուր չկա. ասում են, որ նա ջուր շատ է սիրում:

      Պառավը երկրագործությունից նույնպես տեղեկություն ուներ:

      Հետո անցանք թոնրատունը: Այստեղ հաց էին թխում, կերակուրներ էին եփում: Աղախինների և սպասավորների մի ամբողջ խումբ աշխատում էր, կարծես մի մեծ բանակ պետք է կերակրեին: Բոլորի վրա հսկում էր, բոլորին կառավարում էր վարպետի կինը: Ես զարմանում էի, թե ինչպես նրա պառավ սկեսուրը իր իրավունքները տվել էր նրան: Մեր կողմերում այս տեսակ առանձնաշնորհություններ խիստ հազիվ էին պատահում ընտանիքների մեջ: Քանի որ պառավ սկեսուրը դեռ կենդանի էր, հարսը ձայն չուներ տնային տնտեսության մեջ:

      Թոնրատունը, դեպի բակի կողմը դարձրած երեսը բաց, իսկ երեք կողմից ծածկված, մի ընդարձակ սրահ էր, որ հարմարեցրած էր ամառվա կեցության համար: Այստեղից մտանք հացատունը: Կարելի է ասել, որ վարպետ Փանոսի կահ-կարասիքը և տնային հարստության մեծ մասը այստեղ էր տեղավորված: Մինը մյուսի վրա ծալած դարսած էին գեղեցիկ կապերտներ, գորգեր, սփռոցներ և նախշուն թաղիքներ: Պղնձյա մեծ և փոքր կաթսաները, սինիները, թասերը, մաքուր, նոր կլայեկած, աչք էին շլացնում: Այստեղ ևս անկողինները, իրանց բոլոր պարագաներով կապած, կարգով դարսված էին ծալքերի վրա: Ո՞ւմ համար` վարպետ Փանոսի ընտանիքը շատ փոքր էր այդքանի համար: Պառավը փարատեց իմ մտատանջությունը` ասելով.

      – Պատահել են ուրախության հացկերույթներ, կնունք ենք ունեցել կամ մկրտություն, պատահել է, որ սուգ ենք ունեցել, մեռելահաց ենք տվել. հարյուր հոգուց ավելի մեր սեղանի վրա նստած են եղել: Բայց երբեք չի պատահել, որ մի գդալ անգամ հարևանից փոխ առած լինեինք: Ամեն ինչ մեր տանը պատրաստ ունեցել ենք, և ամոթ ենք համարել ուրիշից բան խնդրել: Մարդս մեռնելուց հետո ես շատ խեղճություն կրեցի. բայց այն ժամանակ ևս իմ աշխատանքով