Название | Կայծեր Մաս 2 |
---|---|
Автор произведения | Րաֆֆի |
Жанр | Зарубежная классика |
Серия | |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9781772467086 |
Ասլանը, այդ բոշաներից ազատվելու համար, ընտրեց մի քանի իրեղեններ և ձգեց նրանց մի քանի ոսկիներ, ասելով թե մյուսները իրան հարկավոր չեն: Նրանք վեր կացան և դարձյալ կարգով շարվեցան դռան մոտ և, երկար շնորհակալություններ և օրհնություններ թափելուց հետո փորձում էին հեռանալ, բայց մտածեցին և դարձյալ մեխված մնացին իրանց տեղում, ընդունելով մի այնպիսի կիսածիծաղ դեմք, որ ավելի լացի նախերգանքին էր նմանում:
– Այլևս ի՞նչ ունեք ասելու, – հարցրեց Ասլանը:
– Ձեր ողջությունը… ի՜նչ պիտի ունենանք ասելու, – պատասխանեցին և դարձյալ կանգնած մնացին իրանց տեղում:
Ես մի կերպով հասկացրի, թե չէ կարելի այդքան ձանձրացնել պարոն բժշկապետին: Մահտեսի Թորոսը փոխանակ հեռանալու, ձեռքը գողտուկ կերպով մեկնեց դեպի ինձ և դարձյալ ցուցամատի ու բթամատի պտղուցները սկսեց քսքսել միմյանց հետ: Վերջապես նրանցից մեկը հայտնեց, թե տանը ուրիշ շատ և ավելի լավ բաներ ունեն, կցանկանա՞ր պարոն բժշկապետը, որ բերեին, ցույց տային:
– Դուք հավատացնում էիք, որ ուրիշ բաներ չունեք, – նկատեց Ասլանը ծիծաղելով:
– է՜հ հարգելի բժշկապետ, – պատասխանեց մահտեսի Թորոսը գլուխը շարժելով և տակից աղվեսի նման նայելով Ասլանի երեսին, – գիտե՞ք ինչ է ասում թուրքի առածը:
– Չգիտեմ:
– «Գայլի բույնից ոսկորը պակաս չի լինի»…
– Այդ ես հասկանում եմ…
– Կհրամայե՞ք, պարոն բժշկապետ, որ բերենք:
– Բերեցեք:
Նրանք խորին կերպով գլուխ տվեցին և միմյանց բոթբոթելով դուրս եկան սենյակից: Ես գնացի նրանց ճանապարհ դնելու: Դրսում մահտեսի Թորոսը դրեց իմ ափի մեջ մի հատ հինգ ղուրուշանոց: Ես ահագին պղնձե դրամը խփեցի ուղիղ նրա ճակատին:
– Օրհնա՜ծ, այդպիսի հանաքներ խո չեն անում, – ժպտելով ասաց մահտեսի Թորոսը և, կռանալով, վեր առեց հինգ ղուրուշանոցը, դրեց իր գրպանում, ավելացնելով, – շատ չա՜րն ես եղել…
Այդ մարդիկը ամեն մի վիրավորանք կատակի տեղ են ընդունում, որովհետև վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու ոչ քաջություն և ոչ անձնասիրություն ունեն: Բակում հեռվից տեսավ նրանց վարպետ Փանոսի մայրը և ձայն տվեց.
– Համեցե՛ք, մահտեսի Թորոս, համեցե՛ք, խոջա Մկո, համեցեք խոջա Հակո, ո՞ւր եք այդպես գնում, առանց մի բան ուտելու, առանց մի բան խմելու:
Մահտեսի Թորոսը, խոջա Մկոն, խոջա Հակոն նախ շնորհակալությամբ մերժեցին պառավի հրավերքը, հայտնելով, որ շտապում են, բազարի ժամանակ է, շուկայում շատ գործեր ունեն, հետո, պառավի սիրտը չկոտրելու համար, ընդունեցին նրա հրավերքը և մտան նրա հետ գինիների մառանը:
Ես զարմացա. ովքե՞ր էին այդ մարդիկը, որ տանտիկինը այնպես հարգանքով էր վերաբերվում նրանց: Երբ հարցրի սպասավորից, որ ձեռքում նախաճաշիկ էր տանում մառանը, նա պատասխանեց.
– Չե՞ք