Название | Սալբի |
---|---|
Автор произведения | Րաֆֆի |
Жанр | Зарубежная классика |
Серия | |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9781772467017 |
Եվ արդարև, թեև պառավը ոչ ոքի չէր հայտնել, բայց մենք գիտենք, որ ոչ սակավ նշանակություն ուներ կաշվի մեջ կարած այս եռանկյունի թուղթը, որ քարշ էր տվել նա Յուղաբերի երկու լուսնաձև կոտոշների մեջտեղում – ճակատի վրա: Այլև շատ անգամ համբարձման գիշերին պառավը լիքը մի կուժ ջրով դնում էր թուրքերի գոռխանայում նրանց գերեզմանների մեջ. առավոտյան լուսաբացից առաջ, առանց խոսելու, առանց ետև մտիկ տալու՝ տանում էր տուն և այն կժի ջրով հարում ծծումը, և ծծմի մեջ բոլոր մածունը կարագ էր կտրում: Այլև, նրա ծծումի կանթից միշտ քարշ էր ընկած շորի մեջ կարած մի քանի հատ չորս տերևանի խոտ, որ թիլիսմանական զորություն ուներ:
Ե՜վ այդպես – խրճիթի մի կողմում ահագին փեթակը, մյուսում կովի և իշի ախոռը, դռան աջակողմում վառելիքների ամբարը, ձախակողմում դարմանոցը և հավերի թառը, խրճիթը չորեք կողմից այդպես նեղանալով – թոնրի շրթերի մոտ մնում էր մի քանի թիզ արձակ գետին, ուր փռած էր երկու հասիր (փսիաթ), որոնց վրա նստում էին երկու ալևոր ամուսինները իրանց ոտերը թոնրի մեջ մեկնելով:
Ծերունի Մկրտիչը վաղուց հետե, երբ նրանց զավակ չէր ծնվում, պահում էր մի քանի հատ տնօրիկ (ընտանի) աղավնի, այն մտքով, որ դրանցով կշահեր աստուծո հոգին և կստանար նրանից որևէ վարձատրություն: Այդ պատճառով նրանք մեղք համարելով թափել այդ արդար թռչունների արյունը, ո՜չ մորթում էին և ո՜չ ուտում նրանց միսը: Առավոտները քնաթաթախ վեր է կենում պառավ Մարթան, դուռը բաց անում, դուրս գալիս, «ճո՜ւ-ճո՜ւ-ճու՜», ձայն է տալիս նա: Եվ նույն րոպեին դուրս են թափվում հավերը և աղավնիները: Նա ցրվում է նրանց առջև կուտը, և հավերը, ուրախ-ուրախ պառավի չորս կողմը պտտվելով, կաչկաչելով – սկսում են կտցել հունդերը: Բազմաթիվ ճնճղիկներ ևս, իրանց ամենօրյա սովորության համաձայն վայր են իջնում և նրանց հետ խառն սկսում են քաղել կորյակի, ցորենի հատիկները: Պառավը ամենևին չէ հալածում չար ճնճղիկները, թույլ տալով, որ երկնքի թռչուններն ևս կերակրվին յուր հունդերով:
Ծերունի Մկրտիչը թեպետ յուր տարիքը առած՝ բայց տակավին մի ժիր և աշխատասեր մարդ էր: Նա ամբողջ ամառը անցնում էր մշակելով յուր երկու օրավար հողը, և աշնանը քաղում էր գետերի եզերքից ու ճախիններից բավական ջիլ (գզեր), ժողովում էր յուր տան մեջ և ձեռքով նրանցից հասիրներ էր գործում: Բացի դրանից, նա հավաքում էր բավականաչափ ճապուկ ուռի ճղեր, նրանցից քթոցներ, զամբյուղներ հյուսելու համար: Պառավ Մարթան ևս շատ գործունյա և տնարար կին էր. նա ամեն օր, թոնիրը վառելուց և տունը կարգի դնելուց հետո յուր բամբակ մանելու ճախարակը առջևը դրած մինչև իրիկուն աշխատում էր նրանով: Այդ համեստ արհեստներով նրանք ո՜չ միայն վաստակում էին իրենց ապրուստի պիտույքները, այլև իրանց դրացիների մեջ, ուր աղքատությունը ճնշել էր յուր ծանրության տակ բյուրավոր խղճալի հայերի գերդաստաններ – նրանք համարվում էին հարուստ:
Փա՛ռք աստոլծո, ծերունի Մկրտչի փեթակը լի էր ալյուրով, ախոռի մեջ կապած էր գեր և պարարտ կովը յուր սիրուն հորթի հետ, նրա մոտ կապած նորահաս երինջը և ուժեղ էշը, թառը տասն հատ հավերով, ծալքը լի էր շորերով: Դրսում ցանած հողը՝ բացի դրանից, նա վճարել է տան և գլխի հարկը, քահանայի և վանքի պտղին, այնուհետև նրա դռնից կանչող