Название | Առակներ |
---|---|
Автор произведения | Մխիթար Գոշ |
Жанр | Сказки |
Серия | |
Издательство | Сказки |
Год выпуска | 0 |
isbn | 9781772468038 |
Պատասխանում են.
– Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։
Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։
Առակիս միտքը հայտնի է. աշխարհիկ և եկեղեցական չար առաջնորդները՝ տանջելով հպատակներին, չեն պահպանում նրանց ուրիշների վտանգից։
ԾՈՎԻ ԳՈՐՏԵՐԸ
Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.
– Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։
Ծերերից մեկն ասում է.
– Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։
Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։
Առակիս մեջ իմաստություն կա, նախ պետք է սեփական կարողությունը ճանաչել և ապա տեղը կամ գործը փոխել։
ՈՉԽԱՐՆԵՐՆ ՈԻ ԱՅԾԵՐԸ
Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց, ասելով.
– Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։
Առակս ուղղված է ընդդեմ նախանձոտների, տեսնելով ուրիշների արժանիքը, բամբասում են, իսկ իրենց, որ զուրկ են դրանից, համարում են պարկեշտ։
ԱՌՅՈԻԾԸ, ԱՐՋԸ ԵՎ ԳԱՅԼԸ
Առյուծը, արջը և գայլը ընկերանալով, ասում են.
– Ինչո՞ւ լինենք հումակեր, բռնենք մի մարդ, որ իրենց սովորության համաձայն որսից մեզ համար կերակուր պատրաստի։
Եվ բռնելով մեկին, դարձրին իրենց խոհարար։
Մարդը սրտնեղելով, մտածեց ազատվելու մասին։ Ճեղքելով մի մեծ փայտ, յուրաքանչյուր կողմում դրեց սեպեր, և առյուծին ու մյուսներին ասաց.
– Օգնեցեք ինձ կիսելու փայտը, դրեք ձեր ձեռքերը ճեղքի մեջ և ձգեցեք:
Եվ երբ դրեցին, դուրս քաշեց սեպերը, ու գազանները մնացին բռնված։ Ապա վերցնելով կացինը, սկսեց ջարդել նրանց, ասելով.
– Սկսենք առյուծից։
ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ
Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.
– Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության արժանանամ, պահպանեմ ձեր մանուկներին ուրիշ գայլերից։
Եվ ուրախանալով, ոչխարները շներին ասում են.
– Այլևս մի հալածեք նրան։
Գայլը մնում է այդտեղ, համբերում մինչև մեծանում են գառները, ապա սկսում է հոշոտել և ուտել նրանց։ Ի վերջո, շատերը նկատելով այդ, սատկեցնում են նրան։
Առակս այսպիսի խրատ է տալիս, շուտ չհավատալ չարագործին։
ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ԵՐԱԶԸ
Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում։ Նա հրաման արձակեց.
– Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է.
– Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:
Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում։ Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.
– Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ:
Նա պատասխանում է.
– Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ։
Ասում է.
– Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև