Название | Մթնաձոր |
---|---|
Автор произведения | Ակսել Բակունց |
Жанр | Поэзия |
Серия | |
Издательство | Поэзия |
Год выпуска | 0 |
isbn | 9781772468212 |
«Խաղալու ցավ» – ով մեծ մասամբ կանայք են բռնվում, քիչ դեպքում՝ տղամարդիկ: Այդ օրվա հիվանդն իր երկու որդուն զոհ էր տվել մի դժբախտ պատահարի, ցավից դարձել մտազբաղ, շատացել է հոգսը, և «որդը սրտում բուն ա դրել»:
– Ինքը ջահել ա, համա որ տեսնես, էն ճիպոտը քեզ օրինակ: Մաշվա՜ծ, դեղնա՜ծ, սերկևիլի կճեպ:
Հարցրի նրան, թե ինչպես է հիվանդը դիմանում այդքան անասելի չարչարանքի, ինչպես է, որ շունչը չի տալիս:
– Տվող էլ ա լինում, առանց էդ չի… Դուր ա գալիս զուռնի հավեն, զուռնի ձենը ոսկորի մեջ ա մտնում, ոնց որ ջուրը պլտում ա, ինքն էլ էդ ցավից թռնում ա:
Իբր թե հենց առաջին օրը հիվանդը ջոկվում է: Եթե զուռնի նվագը նրան դուր է գալիս, լալկան կանայք իրենց սուգով, երգերով կարողանում են նրա աչքից արցունք քամել, եթե խաղը կռներն է ընկնում, ուրեմն նա «խաղլացավ» ունի, պառավները ճիշտ դիագնոզ են դրել, զուռնաչուն և կռները կոտրատող տղամարդկանց է մնում բժշկել:
Հիվանդին ուտելիք քիչ են տալիս. մի կտոր չոր հաց, մի գավաթ ջուր:
– Պետք ա սոված մնա, որ էն «որդը» դուրս գա: Առաջ «խաղլացավը» ավելի խայտառակ միջոցով են բժշկել: Եղել է զուռնան, անվերջ քաշկռտուքը, կանանց շիվանը, բայց մխացող աթարն էլ է եղել, շան չորացած կղկղանքը մխացող աթարի վրա:
Ուշաթափ հիվանդը պառկելիս է եղել վերմակի տակ, գլուխը ծածկել են վերմակով և մխացող աթարը՝ որպես բուրվառ, վրան կնդրուկ՝ կղկղանք, վերմակի տակ դրել կնոջ քթի առաջ, մինչև շնչահեղձ, թունավորված հիվանդը ջղային ցնցումներ է արել, վերմակը դեն շպրտել, ծառս եղել, որպեսզի զուռնի տակ պարի երիցս նզովված «ջազբանդ»…
Հիմա մխացող աթարը մոռացված է, բայց խաղալը մնում է, օր ու գիշեր, զուռնով, դհոլով, կիսամութ սենյակում, քաղցած, հյուծված հիվանդի խելագար ցատկումներով «խաղլացավը» մնում է դեռ մեր խուլ, յոթը սարի ետևում պահված գյուղերում, որպես «հայվանի ադաթ»:
– Էսօր տասներկու օր ա խաղում ա… Երեք դաստա սազանդար են կանչել, հլա «որդը» շարժվում ա…
Վեր կացանք, ծանոթ գեղականիս հետ անցանք շորով ծածկած պատուհանի առաջ: Սենյակից լսվում էր զուռնի ձայնը միալա՜ր, ձանձրալի, դմբում էր դհոլը, և անկարգ, մերթ թույլ, մերթ ուժեղ ոտնաձայներ էին լսվում սենյակից, ասես դագանակով խփում էին հատակի սալքարերին…
ԶՈՐԲԱՆ
Տունը գյուղի ծայրին է, ճանապարհի կողքին: Եթե գյուղը ման գաք, էլ ուրիշ ներկած դարպաս չեք ճարի: Կապույտ ներկ միայն նրա հաստ ու ամուր դարպասի վրա կա:
Եվ եթե բաց են դռները, փողոցից կարելի է տեսնել բակն ու տան սրահը:
Բակում բացօթյա մի արհեստանոց կա: Մեծ ու փոքր մուրճեր, սղոցներ, պայտարի գործիքներ, անիվների օղեր, սռնիներ, նոր քաշած տախտակների կույտ, կլպած գերաններ, որ չորանում են արևի տակ:
Ամեն օր մի քանի բանվոր է աշխատեցնում: Մեկը ցեխապատ է անում, նոր գոմի պատերը շարում, մյուսը քար է տաշում, իսկ ինքն էլ իր որդիների հետ լուսաբացից մինչև արևմուտ աշխատում է:
Իզուր չէ, որ գյուղում եթե մեկը լավ աշխատող է, ասում են՝
– Զորբա Օսեփի ճանկն ընկնի, մի շաբաթ էլ չի դիմանա:
Ինքն էլ է աշխատում և արհեստավորին շուտ-շուտ ձեն տալիս.
– Հը՛, քեզ մատաղ, օրը պրծավ, հա՜, շուտ արա, էս շարքն էլ պատի, իրիկունը արաղ կտամ:
Վարձը կալին է տալու ցորենով: