Մթնաձոր. Ակսել Բակունց

Читать онлайн.
Название Մթնաձոր
Автор произведения Ակսել Բակունց
Жанр Поэзия
Серия
Издательство Поэзия
Год выпуска 0
isbn 9781772468212



Скачать книгу

թփերը:

      Աշուն էր, տերևաթափով, արևի նվաղ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառների ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը: Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնհարվում էր քամու առաջ: Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն: Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը:

      Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին, քամուց խշշում: Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում: Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը, որպես բեկված սուսեր, ընկնում էր քամու առաջ:

      Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը:

      Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին: Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը:

      Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը: Եվ հոգնությունից հանգստանում էր, աչքը հեռու սարերին: Նստել էր ու միտք էր անում` ականջը սիմինդրի տերևների խշշոցին:

      Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր: Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց, Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև: Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ:

      Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից: Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե՞ մի ուրիշ ձեռք:

      Աշնան խաղաղ օրերին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և՛ վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը:

      Այդպես մի անգամ էլ, շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դուռը: Էլի արև օր էր: Հնձանի ստվերում ուռենու կողովների մեջ սև խաղողը շողշողում էր:

      Ներսը` քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց ոտներով, ճմլում էր խաղողը, և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը:

      Հնձանը շոգ էր: Ճմլում էր խաղողը, ինքն իրեն դնդնում կայտառ մի երգ, և քրտինքի կաթիլները գլորվում էին, ընկնում շիրայի մեջ: Երիտասարդ էր այն ժամանակ. երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի:

      Դռան ձայնին Դիլանը գլուխը դուրս հանեց: Այգում ոչ ոք չկար: Ու հանկարծ, երբ սիմինդրի մարգերում երևաց գլխի զառ կապույտ մանդիլը, ինքը պահվեց դռան հետևը:

      Կարծես հավք էր թաքնվել անտառի մթին խորշում: Ապա վիզը երկարեց, ինչպես կաքավը դեղնած արտերում խշշյուն լսելուց, և մի ջահել կին դուրս եկավ սիմինդրի խիտ արտից: Դուրս եկավ ճոճեց բարակ մարմինը, որպես եղեգ և կաքվի մանր քայլերով սորաց դեպի հնձանը:

      Սոնան էր, զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ այնպես զրնգան ծիծաղում էր, երբ առվակի մեջ կախում էր սպիտակ սրունքները, իսկ դրացու տղան` Դիլանը, ջուր էր ցնցղում նրա ողկույզի պես գանգուր մազերին:

      Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին: Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները, և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով:

      Հանկարծ տեսավ նրան, ցնցվեց, ոստյուն արեցդեպի հետ, բայց մի կրակված ձեռք փակեց հնձանի դռնակը:

      – Բաղը