Название | Ժառանգներ |
---|---|
Автор произведения | Ատրպետ |
Жанр | Современная зарубежная литература |
Серия | |
Издательство | Современная зарубежная литература |
Год выпуска | 0 |
isbn | 9781772466843 |
– Դու քու դարդը լաց, որբի ու անճարի տերը ես եմ: Դու խո տալիս ես երկու օրավար: Ես, ես կուզեմ, ունեցողները խո կտա՞ն, չունեցողների հետ էլ մի կերպ յոլա կերթանք:
– Բայց…
– Բայց-մայց պետք չէ՜, դու գնա, գզիրը ուղարկի՜ր, համբաներին կանչի՜ր քեզ մոտ, խոսի՜ր, ես էլ կգամ, գործը կարգի կդնենք:
Մինասը գլուխը քարշ գցած, դիմեց դեպի յուր տառապյալ դրացիները: Շա՛տ խոսեցին, շա՛տ վիճեցին, շատ բորբոքվեցին, բայց վերջը-վերջը հետևեցին իրենց տանտիրոջ և Քյալաշ քեհյայի օրինակին, մարդագլուխ որը մի օրավար, որը երկու օրավար, աղքատն ու տնանկն էլ կես-կես օրավար հող բաժին հանեցին ինքնակոչ բեգին և հանձն առան հերկել, պարարտացնել, պատրաստել և աշնանը իրենց սերմերով էլ ցանել:
Զ
– Ա՛յ մարդ, էս ի՞նչ է քու արածը, էս ի՞նչ ճանապարհ ես բռնել, գիտե՞ս ուր ես դիմում, – ասում էր վշտալի սրտով մի գիշեր անկողնում Անթառամը յուր ամուսին Քյալաշին:
– Դու ձայնդ կտրիր, այդ քու գործը չէ, տղամարդու գործին խառնվելը երկար մազ ունեցողներին չէ մնացել:
– Ախար դու էդ գայլին ինչի՞ բերի՜ր տունդ կոխեցիր, քանի մեկ նա իր ավազակներով ուտե, խմե, կոտրե, թափե էս տան մեջ: Հորս կտակը ոտքի տակ գցեցիր. ժամ և ուսումնարան շինելու համար չտվի՜ր էն հողը, որտեղ այժմ ավազակը իրեն համար սարայ է շինում: Էդ էլ հերիք չէ, էսօր վեր ես առել և տասը օրավար հող էլ ես բաշխում… Ո՞ւմ հողը ո՞ւմն ես տալիս… Գյուղերը քանդեց, դատարկեց, մարզիկը կոտորեց յուր շինելիք մի բրիշակ դառնալու սարայի համար, այժմ էլ թշվառի բերանից պատառն է խլում: Քանի՞ մեկ անեծք ու նզովք պիտի կարդա քու գլխին գյուղ ու գավառը, քանի մեկ քու պատճառով գերեզմանի մեջ անգամ հորս խաղաղությունը պիտի վրդովվի, էս ի՛նչ սև օրի թողիր դու ինձ, ո՜չ տանից դուրս կարող եմ գալ, ո՜չ մի դրկիցի տուն մտնել, ո՜չ էլ երկնավոր թագավորին մի խնդրվածք անելու համար աղոթարանի դուռը գնալ:
– Զահլա մի՜ տանիլ, դու ի՞նչ գիտես իմ միտքս, ես իմ կարողության թշնամին խո չե՞մ, որ ցրիվ տամ ունեցածս:
– Ա՛յ մարդ, էդ սառած օձը մի տաքացնիլ կրծքիդ վրա, դա զորանալու պես ամենից առաջ քեզ կխայթե, ամենից առաջ քու սիրտը կծակե… Դրա գալուց հետո քունս ու դադարումս կտրվել է, աչքերը աչքերիս հառելիս ողջ մարմնով սոսկում եմ, գիշեր չի լինում, որ գեշ-գեշ երազները քունս չխռովեն…
– Դեռ շա՛տ ես զահլա տանելու, շնթռկի՜ր, թո՜ղ քնեմ, հերիք լեզվիդ տաս:
– Ա՛խ, էս ի՞նչ սև օրը մնացինք, մարդ էլ ձեռքով յուր ոչխարի հոտը գայլին պահ տա…
– Ձայնդ կտրե, թե չէ հիմի քեզ ոտքիս տակը կգցեմ, խաշիլ կշինեմ… Ձա՜յնդ, ձա՜յնդ, թող քիչ հանգստանամ…
– Օ՛ֆ, համբերությունս կտրվեց, սիրտս տրաքվում է, գլուխս խոստուկից բժժել է, ես էս համառ, ամբարտավան մարդու ձեռքում քանի՞ մեկ պիտի տանջվիմ: Անխի՜ղճ, անհոգի՜, մի՞թե կարելի է Մատոյի տղի՝ Մինասի, հախից գալու համար ամբողջ գեղը-գավառը կրակին դնել ու խորովել,