Название | Թուրքի աղջիկը |
---|---|
Автор произведения | Խաչատուր Աբովյան |
Жанр | Современная зарубежная литература |
Серия | |
Издательство | Современная зарубежная литература |
Год выпуска | 0 |
isbn | 9781772466898 |
Բայց ամառը, տոթագին, կրակ ամառը, ղորդ ա՝ մեր պտղըները հասցընում, մեր սիրտն ումուդ ա քցում, բայց մեր հանդերն էլ հետն ա չորացնում, մեր աղբրներն ու գետերն էլ հետն ա ցամաքացնում, էրում, խաշում, երկրի երեսը, դաշտի խոտն ու ծաղիկն անձողի պես սևացնում, խորովում ու շատ անգամ՝ որ սիրտդ ու բերանդ բաց ես անում, որ շունչ առնիս, կրակ ա գլխիդ վեր գալիս, կրակ բերանդ թափում, բոց ոտիդ տակին վառվում, ցողի ու հովի տեղը մահվան տաք քամին երեսիդ փչում, շունչդ կտրում, արինդ ցամաքացնում:
Էսպես մեկ ամառվան օր էր, որ քաղաքի շոքն ու կրակը շունչս բերանս էր հասցրել, ինձ խեղդում էր, որ գժվածի պես ընկա փողոցե փողոց, քուչա քուչա, որ գնամ մեկ հով տեղ գլուխս վեր դնեմ, մի քիչ շունչ առնիմ: Շատ անգամ՝ որ ամառը թալանում, ինձանից գնում էի, ուզում էի գլուխս մահու տամ, որ պրծնիմ էս դառն աշխարքիցը, հենց կարծում էի, թե ես եմ մեղավորը, ես եմ չար անօրենը, որ էլ աշխարքի չէի կարող պետքը գալ, ուզում էի շուտով էլա ոտս քաշիլ, գնալ: Գիշերն երազն էր ինձ տանջում, ցերեկը իմ միտքը, իմ չար միտքը: Աստված, երկինք, դժոխք, արքայություն, սիրելի, բարեկամ սրտիցս էնպես էին քաշվում, ջնջվում, որ հենց իմանում էի թե էս դինումն ինձ մեկ չարա չի՛ ըլիլ: Քարերն ու անբան անասունքն էլ աչքիս գրող էին երեում: Ամեն մեկ ոտս փոխելիս՝ ամեն մեկ շունչս քաշելիս՝ էնպես էի կարծում, թե հազար թուր սիրտս են խփում, հազար ձեռ գլխիս բռնցկում, հազար թշնամի եդևիցս վազում, երկինք ու երկիր գլխիս փուլ գալիս՝ որ ինձ տակով անեն: Ում մեկ ծանր խոսք էի ասել, ով ինձ մեկ խեղ աչքով նայել էր, ինչ բարեկամից թուղթ էի ստացել, պատասխանը չի՛ գրել. ինչ մտքումս դրել էի ու չէի՛ կատարել, աշակերտի էի նեղացրել, ծառայի էի մեկ թթու ջուղաբ տվել. ծառայությունս չէի օրինավոր կատարել, յա մեկ գործ էս օր վաղը քցել, բոլոր, բոլոր գալիս՝առաջիս կանգնում էին ու հոգիս էլ՝ որ ասում էի տամ, հենց իմանում էի, թե էլի ինձանից ձեռ չեն վերցնիլ, էլի հողս նրանք կհանեն, կրակ կտան, բարեկամք ինձ երախտամոռ կկանչեն, գլխավորք ինձ ծույլ, անպիտան կհամարեն, ամենն էլ կուրախանան, որ ինձանից շուտով պրծան: Որ լսում էի՝ թե մեկ մարդի պատիժ տվին, յա բանդը քցեցին, որ ասում էին՝ թե Ռուսաստանիցը մեծ մարդ ա էկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանա, որ կուսակալիցը, յա նախարարիցը (մինիստրիցը) մեկ թուղթ էր գալիս, որ կառավարաթյունիցը (դերեկցիիցը) ստորոժը գիրքը կռնատակին աչքիս չէ՛ր երևում, էնպես էի սարսափում, կարծում, թե էս ա, իմ վերջի օրը հասել, մոտացել ա, իմ արած չարությունը լիս ընկել, Պետերբուրգ, Մոսկով, Թիֆլիզ ինձանից գանգատով լցվել են, իմ բարեկամքը ինձանից ձեռք վերցրել, իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պետք է՝ տանեն սաղ սաղ թաղեն, յա կախ տան: Աստված իմ թշնամուս չի՛ տա է՛սպես սիրտ, է՛սպես միտք: Երևակայությունը մարդիս ո՞ր դժոխքը չի՛ տանիլ, եդ բերիլ: Ինձ պահողը հենց էս էր որ ասում էի՝ թե մտքումդ դրել ես ազգին պետքը գաս, մեկ անուն թողաս, կմեռնիս, մեկ վրեդ կանգնող, ողորմի տվող էլ չի՛ ըլիլ: Ապրի՛ր՝ որ ասածդ անես, մուրազդ առնիս: է՛ս, է՛ս էր ինձ ամեն դժոխքից, պատուհասից ազատում, հոգիս եդ բերում, թե չէ Քուռը վաղուց կըլեր իմ գերեզմանը: Լսող, կարդացող՝ թո՛ղ ինձ ղնամիշ չանեն՝ որ իմ մեղքս իմ բերնովս եմ խոստովանում: Մարդ իրան սիրտը որ փակի, ո՞վ կիմանա, ո՞վ կզգա՝ թե նրանում ի՞նչ կա: Բայց էսպես դժոխք սիրտ՝ Աստված ո՛չ տա, ո՛չ ստեղծի:
Մեկ օր էլ էս կրակը ջանս էր ընկել, սիրտս էրում, փոթոթում, ինչպես ասեցի, որ տանից, տեղից, դուս ընկա, ու դեպի թագավորական՝ բաղնիսների եդևի բաղը երըմիշ էլա: Քուշա, փողոց գերեզմանատուն էր դառել: Երկնքիցը կրակ էր վեր թափում, երկիրը տաքացած պղնձի պես ոտիս տակը կրակում: Ամենը քուն էին մտել, որ ճաշվա շոքն անց կենա: Բաղի մուշա կամ ջուր կրող էին մնացել էս մեռլատան բնակիչն ու շունչ քաշողը, որ իրանք էլ գերեզմանից դուս քաշած հարիր տարվան մեռլի պես շունչ ու ռանկ կորցրած՝ կամ կիսաջան ոտը ոտի առաջն էին դնում, կամ մեկ բարի վրա նստում, շունչ քաշում, գտակները վերցնում, քրտինքները սրբում, կամ թե ա՜խ ու ո՜խ քաշելով, դես ու դեն տմբտմբալով, օրորվելով իրանց ճամփեն գնում:
Իմ բախտիցը թագավորական բաղի դուռը բաց էր: Մտա ներս, բաղմանչուն գլուխ տվի. Սուտ, որ ինչ ա, չբարկանա ու ծառին, քոլին մտիկ տալով, ընկա դարըդուս, որ կարծիք չտանի, թե բան կգողանամ: Հասարակ մարդիքը ի՜նչպես արդար են ու պարզամիտ: Էնպես էի անում, որ իմանա՝ թե ես մեկ գիտուն մարդ եմ, գնացել եմ, որ սար ու ձորին մտիկ տամ, յա սիրտս բացվի, յա մեկ նոր շնորք վեր առնիմ: Բոլոր մհանա էր: Աստված որքան ողորմած ա, որ մարդիս Էնպես սիրտ ա տվել, որ փոքր բանով էլ, իսկույն իր տրտմությունը ցրվում, միտքն ուրիշ տեղ ա քցում: Օգոստոս ամիսը, հավողի ճթերը հազար տեղից կախ ընկած, ես էլ մրգի գերի, փորի գերի, ո՞վ ըլի, որ սրտի ծերը չէրի: Քարափի տակի ընկուզի ծառն ու հավողը աչքիս տակն էի