Название | ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры |
---|---|
Автор произведения | ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ |
Жанр | Современная русская литература |
Серия | |
Издательство | Современная русская литература |
Год выпуска | 0 |
isbn | 9785449682895 |
Եվան, դանդաղ շրջվելով լուսամուտից, պարզ, բայց ճաշակով կահավորված ննջասենյակով, որի մի պատը, մինչև առաստաղ, ծածկված էր գրադարակներով՝ դարակներին մեկընդմեջ դրված արձանիկներ, անցավ միջանցք, ուր Մարիամը չոր շորը ձեռքին սրբում էր պատի մեծադիր կլոր հայելին, բարի լույս ասաց նրան և մտավ լոգասենյակ՝ լվացվելու։
Քիչ անց, երբ նա դուրս եկավ այնտեղից՝ խավավոր երեսսրբիչը ձեռքին, Մարիամն արդեն ննջասենյակում էր և ինչ-որ բան էր խոսում այնտեղ։ Ուշադրություն չդարձնելով նրան, Եվան, հայելու առջև կանգնած, սկսեց պուդրել երեսը։ «„Վույ, մեղա քեզ աստված, էս ի՞նչ այլանդակ տեսք ունի, – պարզ լսվեց Մարիամի ձայնը, – էս տեսակ բաներին մարդ էլ փող կտա, կառնի՞…Քանի օր է մաքրում եմ, չի անցնում… Վերցնես ու դանակով մի լավ քերես։ Սպասիր մի հատ հարցնեմ Եվային, մեկ էլ տեսար բարկացավ“»։– Եվա…
– Ինձ հե՞տ ես, Մարիամ, – կիսաշրջվելով ննջասենյակի կողմը, հարցրեց Եվան։
– Էս բանի մասին եմ, է, հարցնում, – ձեռքին ինչ-որ արձանիկ՝ առաջ եկավ Մարիամը։– Ասում եմ, ի՞նչ անեմ, չի մաքրվում։ Գուցե քերե՞մ դանակով։
– Ի՞նչը քերեք։
– Չե՞ս տեսնում… Իրենից մի բան չի ներկայացնում հերիք չի, քիթ ու մռութն էլ ներկի մեջ կորած։
– Դա ներկ չի, Մարիամ, ծառի տեսակ է դա։– Եվան կրկին շրջվեց դեպի հայելին։– Իսկ գիտե՞ք քանի տարվա արձան է։ Հարյուր տարվա։
– Ի՜նչ ես ասում, – Մարիամն օրորեց գլուխը, և, արձանիկը դնելով տեղը, սկսեց հեռվից դիտել այն։– Տեր աստված, մի՞թե Դավիթ Ավետովիչը մի բան չի գտել առնելու, որ դա է առել։ Ինչ հնացած բաներ է տեսնում, առնում, տուն է բերում, մի ասող լինի՝ էդ փողերն ինչ՞ ես քոռուփուչ անում։
– Արվեստ շատ է սիրում, – ուշացումով ասաց Եվան և սկսեց իրեն զննել հայելու մեջ։
– Թող սիրի՝ ինչքան սիրտն ուզում է, միայն թե, ասում եմ, մի կարգին բա՞ն չի գտել առնելու, որ դա է առել, – չէր հանգստանում Մարիամը։– Մի տես աչքերը ոնց է չռել։ Վու-ո՜ւյ, պռոշներն էլ հաստ-հաստ՝ ոնց որ սատանա։ Գիշեր ժամանակ մարդու առաջ դուրս գա՝ վախից տեղնուտեղը սիրտը կճաքի։ Տեսնես սրա՞ն էլ է աստված ստեղծել։
Եվան ժպտաց Մարիամի՝ ոչ այն է միամտորեն