ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Читать онлайн.



Скачать книгу

չարժե՝ նայած նենգ լեզուն ինչ կտարածի քո անվան շուրջը. ձյունն էլ է ճերմակ, բայց աղտոտվում է կեղտոտ ոտքերից։

      Օրերը մթնում ու անց են կենում… Երջանկությունը հորիզոն է մի՝ ինչքան մոտենաս՝ հեռանում է այն։ Բախտդ թե սև է՝ շատ մի կնկճվիր, վստահիր հույսին, այդ սևից հետո ճերմակը կգա, ո՞վ է տեսել, որ ձմեռը տևի ամբողջ մի տարի։ Անցողական է ամեն բան կյանքում, դա նույնպես կանցնի, ամեն ինչ կանցնի. հույսդ մի կորցրու հանդեպ լավ օրվան։ Դարձիր արմատներիդ՝ որտեղից գալիս և ուր ես գնում, բարություն արա ու գցիր գետը, կտեսնես՝ մի օր առջևդ կգա։

      Հեռվից նայողը ինձ չի հասկանա, իմ սիրտը հեռու լեռներում է միշտ, այնտեղ է հոգիս, ու ես կարոտից գիշեր ու ցերեկ այրվում եմ անծուխ…

      =====================

      Կ Ա Լ Ե Ր ՈՒ Մ

      Կարմրաոտ կաքավների լույս կաղկղան կոհակվում է օրվա շոգի ու տապի մեջ, արտույտները մոտ արտերում արտորում են թախծագորով, խոտը կոխած հին կալերում շնկշնկում է հովը մեղմիվ՝ ինձ բերելով ձայներն անդարձ մեր մայրերի, որ էլ չկան, անց են կացել այս աշխարհից անվերադարձ…

      Կռիվ մեկնած ամուսին ու որդիներին փոխարինած՝ վշտից տմույն, անլուսաշող կյանքը նրանց հանդ էր, արտեր ու մանգաղ, մաճ ու գութան, մղեղ ու կալ, հույսն էր պահում լոկ նրանց, թե բոլորը հետ կգան… Ավա՜ղ չեկան, էլ չեկան, շա՜տ-շատերը ետ չեկան, ով էլ եկավ՝ կաղ ու կըռնատ, խաթարվա՜ծ։

      Խոնարհվենք, եկ, մենք լռին ի հիշատակ սրբասուրբ մեր մայրերի ինքնուրաց, որ վաղուց է ինչ չկան, լույս են դառել ու չկան։ Ու խոնարհվենք նաև լուռ նրանց առջև վերըստին, ովքեր ահեղ այն կռվից հաղթանակած տուն եկան, բայց ապրեցին կյանքն իրենց՝ դժվար կյանքով պարտվածի…

      Մշտահոլով այս կյանքում մենք վերջինն ենք, որ տեսանք դեմքը նրանց լուսաջինջ, մենք էլ կանցնենք աշխարհից՝ ո՜վ կըհիշի էլ նրանց…

      Կաքավների կաղկղան՝ կալից անդին հանդերում, տրտում երգը արտույտի՝ ոսկեորած արտերում, սիրտն իմ լցրին անձկությամբ՝ մեր հին լքված կալերում։

      =========================

      Ա՜Խ, ԵՍ  Ի՞ՆՉ  ԱՆԵՄ…

      Զույգ  որդիներն իմ  թևերն էին իմ, հատված թևերով, ա՜խ, ես  ի՞նչ  անեմ: Ու՞մ բացեմ  սիրտս, որ  ինձ  հասկանա:

      Անընդգրկելի, ծանր  է  ցավս, առավել ծանր, որ  այս լույս  օրն  ու  ալվան  աշխարհը նրանց համար  չէ, որ  ես  այլևս չեմ տեսնի նրանց, չեմ լսի  ձայնը  նրանց հոգեթով, խոսքն ու ծիծաղը  անուշաբարո    էլ   չի հնչելու մեր ականջներում:

      Ու՞մ պատմեմ ցավս՝  ծովի պես  խորը, ո՞վ կհասկանա, որ ներսում  այրվում, խորովվում եմ լուռ  և  ամեն անգամ, որդիներին  իմ մտաբերելիս, մեռնում – հառնում եմ՝  պատկերը նրանց   իմ  աչքի  առջև, սուրբ անունները՝    շուրթերիս  վրա:

      Մեծ  տառապանքը  տանում են լռին, ու  ես ինքնակամ  ժպտում եմ մարկանց, քանզի  ուրիշը  ժպիտն  է տեսնում, քո հոգու  ցավը  ոչ  ոք  չի  տեսնում:

      Ես ու՞մ, ու՞մ պատմեմ  ցավը իմ անանց, մարդ արարածը  ինձ չի  հասկանա… Գնամ  հայրենի հանդերին պատմեմ իմ տվայտանքը, հովից օրորվող  խոտ  ու  ծաղկունքին, մենավոր  կանգնած  ծառերին

      տրտում, անտառի   խորքում   զմրուխտ  մամուռով  պատած  քարերին, երգող հավքերին, ձորում կարկաչող  ջրերին պատմեմ  ու նրանց հետ լամ  ցավն իմ մորմոքուն:

      =====================

      ՀՈԳՆԵԼ  ԵՄ    ԱՐԴԵՆ

      Ես այս աշխարհից հոգնել եմ արդեն:

      Էլ