Название | Դավիթ Բեկ |
---|---|
Автор произведения | Րաֆֆի |
Жанр | Зарубежная классика |
Серия | Столетие геноцида армян |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9785000649824 |
Դժվար է նկարագրել այն անսահման ուրախությունը, որ տիրեց այդ թշվառներին, երբ Թորոս իշխանի մարդիկը եկան նրանց տանելու: Մի քանի րոպե ցնորվածի նման գրկախառնվում էին, համբուրվում էին և շատերը արտասուք էին թափում: Թորոսի, այդ փրկարար հրեշտակի, պաշտելի անունը մոռանալ տվեց նրանց կրած տանջանքները: Շատերի համար մաքուր հագուստներ էին ուղարկված իրանց ազգականներից, և սկսեցին անմիջապես փոխել իրանց կեղտոտ հագուստները: Պատանի Ստեփաննոսը հագնվեցավ, որպես վայել էր մի իշխանական տոհմի ներկայացուցչին: Նրա գլխի վերքը հոգատար տիկնոջ խնամքով բավական լավացած էր, իսկ գունաթափ, հիվանդոտ դեմքը իր թառամության մեջ ավելի գեղեցիկ էր: Երբ նա բոլորովին պատրաստ էր, խանի մանկլավիկներից մեկը մոտեցավ նրան, և գլուխ տալով, ասաց.
– Խանը հրամայեց իր հետ ճաշել, Թորոս իշխանն էլ այնտեղ է:
Մանկահասակ իշխանազնը, շրջապատված իր հոր վաղեմի ծառաներով, սկսեց հանդիսավոր կերպով դիմել դեպի խանի վրանը: Նա անցավ կանանոցի չադրների մոտից: Այդ միջոցին չէր կարելի չնկատել, որ կանանոցի սարայփերդեից մի գեղեցիկ կանացի գլուխ կիսով չափ վեր բարձրացավ, և երկու խոշոր, սևորակ աչքեր սկսեցին նայել նրա վրա: Մանկահասակ իշխանազնը շուռ եկավ դեպի այն կողմը և երկուսի աչքերը հանդիպեցին միմյանց: Այդ լուռ, խորհրդավոր հայացքի մեջ նրանք այնքան շատ բան ասեցին միմյանց և այնքան ազդու կերպով արտահայտեցին իրանց սրտերի զգացմունքները, ինչ որ անկարող էր կատարել պերճախոս լեզուն: Մնացած գերիները տարվեցան Թորոսի ձիավորների մոտ:
Խանը այնպես ուրախությամբ հանդիպեց Ստեփաննոսին, կարծես, մի ցանկալի հյուր էր ընդունում, կարծես, նրա հետ նոր էր ծանոթանում, և բնավ չգիտեր, թե նա իր բանտումն էր գտնվում: Շահումյանների տունը քանդողը, նրանց երկիրը բռնությամբ գրավողը և Ստեփաննոսի հորը ու նրանց ամբողջ ազգատոհմը սրից անցկացնող գազանը, մի առանձին քաղցրությամբ դարձավ դեպի պատանին, հարցնելով.
– Լա՞վ եք, ո՞ղջ եք, առո՞ղջ եք, ինչպե՞ս է ձեր քեֆը, բարով եկաք, հազար բարով,