Название | Կայծեր Մաս 2 |
---|---|
Автор произведения | Րաֆֆի |
Жанр | Зарубежная классика |
Серия | |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9781772467086 |
– Ինչո՞ւ չգնացիր, – հարցրի ես, փայփայելով նրա սիրուն գլուխը:
Նա իր խոշոր, խաժ աչքերով դարձրեց դեպի ինձ և գանգատվելու եղանակով պատասխանեց.
– Դուռը փակ էր: Դու չես իմանում ինչ սատանա է այդ Ծովիկը, երբ որ նա պարտեզն է գնում, դուռը միշտ փակում է, որ ես չմտնեմ: Ասում է, դու ծաղիկները փչացնում ես: Դու խո գիտես, որ ես չեմ փչացնում:
Փոքրիկի գանգատը իր քրոջ մասին էր: Բայց ի՞նչ առիթով այդ չարաճճիի գլխին փչեց` ինձ վկա բռնել, որ նա չէ փչացնում:
– Ի՞նչպես է քո անունը, – հարցրի ես:
– Քոթոթ, – պատասխանեց նա, ինքն էլ ծիծաղելով իր օտարոտի անվան վրա:
– Քոթո՞թ, ի՞նչ լավ անուն է:
– Ես էլ լավ տղա եմ, – ասաց նա մի առանձին պարծանքով: – Հայրիկը ինձ ասում է` դու քոթոթ ես, արջի քոթոթ, դու խո տեսնում ես, որ ես քոթոթ չեմ:
– Դու քոթոթ տեսե՞լ ես:
– Տեսել եմ, մի անգամ մեր բակում պար էին ածում: Ո՜ւհ, ինչպես մազոտ թաթիկներ ուներ: Մտիկ տո՛ւր իմ ձեռքերին, իմ ձեռքերը խո այնպես մազոտ չեն:
Նա իր սիրուն ձեռքերը դրեց իմ ափի մեջ:
– Քո ձեռքերը այնպես չեն:
– Էլ ինչո՞ւ են ասում ինձ քոթոթ:
– Ես կասեմ հայրիկին, որ էլ չասե:
Նա, փոխանակ շնորհակալության, դարձյալ գրկեց իմ պարանոցը և ջերմ կերպով համբուրեց ինձ:
– Ասա՛ հայրիկին, որ Ծովիկը սուտ է ասում. դու խո իմանո՞ւմ ես, որ ես ծաղիկները չեմ փչացնում:
– Իմանում եմ: Բայց ի՞նչ է անում հայրիկը, երբ Ծովիկը այդպիսի սուտեր է հնարում:
– Բարկանում է, պատվիրում է, որ ինձ պարտեզը չթողնեն, որ միրգ ուտեմ:
– Հայրիկին կասեմ, որ չբարկանա. դու խելացի տղա ես, կասեմ, որ պարտեզի դուռը քո առջև չփակեն:
Նա իմ խոստմունքներից բավական գոհ մնալուց հետո մի այլ խնդիրք ևս առաջարկեց:
– Ասա, որ մայրիկն էլ խելացի է, նրա առջև էլ դուռը չփակեն:
– Ո՞ր դուռը:
– Սենյակի դուռը: Հիմա այնտեղ է, դուռը փակած է: Ես այսօր ուզեցի, որ գնամ տեսնեմ, չկարողացա…
Վերջին խոսքերը այնպիսի զգացմունքով արտասանեց փոքրիկ երեխան, որ ինձ վրա խիստ տխուր ազդեցություն գործեցին:
– Ինչո՞ւ են կողպում մայրիկին սենյակի մեջ:
– Չեմ իմանում: Մայրիկը այնտեղ աղաղակում է, լաց է լինում… ես էլ լաց եմ լինում, երբ մայրիկը լաց է լինում…
Երեխայի աչքերում արտասուք երևաց:
– Հիմա այնտե՞ղ է մայրիկը:
– Այնտեղ է, ներսում, շատ ներսում… Հայրիկը չէ թողնում, որ դուրս գա:
Այդ միջոցին երկու աղավնիներ իջան, նստեցին սրահի վանդակապատի վրա: Տեսնելով նրանց, փոքրիկը իսկույն մոռացավ այն ցավը, որ զգում էր իր սիրելի մոր մասին: Նա խորամանկ կերպով նայեց իմ երեսին, աչքերը ծռմռեց և նշաններով հասկացրեց ինձ, որ սուս կենամ: Իսկ ինքը կուզեկուզ սկսեց մոտենալ թռչուններին: Նրանք ավելի զգույշ գտնվեցան և, նկատելով փոքրիկ դարանակալին, թռան, բայց շատ հեռու չգնացին, նստեցին բակի մեջ, մի կտրած ծառի բունի վրա: Մանուկը շարունակեց հետամուտ լինել, և մի քանի րոպեից հետո թե աղավնիները և թե նա այլևս չերևացին: Ես խիստ սակավ անգամ տեսել էի մի այնպիսի աշխույժ և կայտառ երեխա:
«Տան