Название | Կայծեր Մաս 2 |
---|---|
Автор произведения | Րաֆֆի |
Жанр | Зарубежная классика |
Серия | |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9781772467086 |
– Եղեռնագործը սովորում է ինքն իր անձի փաստաբանը լինել, – շարունակեց նա: – Այդ մարդիկը, սկսյալ առաջին վեզիրից, մինչև վերջին զափթիան, շատ լավ գրտեին իրանց հանցանքները, և այդ պատճառով նրանց լեզվում կազմվել է մի ամբողջ մշակված ճառ իրանց արդարացնելու համար: Մի այդպիսի ճառ ես այսօր լսեցի ինձ ամենայն քաղաքավարությամբ հյուրասիրող փաշայի բերանից: Նրան չէ կարելի հիմար կոչել, ընդհակառակն, նա ինձ բավական խելացի երևաց: Ես ներկայացա նրան որպես եվրոպացի և ճանապարհորդ: Այդպես էլ նա ընդունեց ինձ: Նա գիտեր, թե ի՞նչ կարծիք, ի՞նչ նախապաշարմունքներ կարող է ունենալ մի եվրոպացի նրա մասին. նա գիտեր, թե ի՞նչ է պահանջում նրանից, որպես մի երկրի գլխավոր կառավարչից, այժմյան քաղաքակրթությունը. նա գիտեր և իր երկրի անկարգությունները, այդ բոլորը շատ լավ գիտեր նա, և այդ նկատումներով, իր բոլոր խոսակցությունը ճարտարությամբ այնպես էր դարձնում, որ ինքը և իր կառավարությունը ընդհանուր ցեխի մրջից մաքուր դուրս գան: Եթե այդ բոլորը ինձ հայտնի չլիներ, եթե ես մի միամիտ եվրոպացի ճանապարհորդ լինեի, անտարակույս, շատ լավ գաղափար կկազմեի այդ մարդու և նրա կառավարության մասին:
– Այդ մարդիկը, – առաջ տարավ նա, – գրավելու և իրանց լավ ցույց տալու զարմանալի շնորհք ունեն: Մինչև անգամ բարբարոս քուրդ ցեղապետը շնորհք ունի հիացնելու միամիտ եվրոպացուն, երբ պատահում է նրան հյուրասիրվել այդ ավազակի վրանում: Բայց ի՞նչ բարոյական նշանակություն ունի մի ասիական բռնապետի հյուրասիրությունը, երբ նրա հացը իր զոհերի արյունովն է շաղախված, երբ կերակրում է նա իր հյուրին այն կողոպուտներով, որ հափշտակել էր հարյուրավոր թշվառներից: Մեր դժբախտությունը նրանումն է, որ այդ բոլորը այդպես լինելուց հետո իսկությունը, բուն իրողությունը` մեր վիճակի դառն ճշմարտությունները դառնում են տարակուսական, և եվրոպացիք դժվարանում են մեզ հավատալ, երբ մեր բողոքն ու դժգոհությունները ներկայացնում ենք նրանց: Բայց մեզ համար մեծ նշանակություն ունի Եվրոպայի հասարակական կարծիքը: Իհարկե, մենք չէինք ցանկանա մահմեդականների նման խաբել նրանց, բայց կցանկանայինք, որ նրանք լավ հասկանային մեր դրությունը…
Ասլանը