Название | Կայծեր Մաս 1 |
---|---|
Автор произведения | Րաֆֆի |
Жанр | Зарубежная классика |
Серия | |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9781772467079 |
Այդ սարսափելի եղեռնագործության լուրը խիստ սառնասրտությամբ ընդունվեցավ մեր կողմերում, որպես թե, սովորական անցքերի կարգից դուրս մի բան չլիներ: Մեր թշնամիները ուրախացան, իսկ մեր բարեկամները ավելորդ համարեցին տրտմել: Ավելի հասկացող մարդիկ այսպես էին բացատրում, թե աստված նրա ճակատին այնպես էր գրած, պետք է այս տեսակ մահով վախճանվեր: Իսկ իմ քեռիները ասում էին, թե աստված պատժեց նրան, որովհետև նա գողացել էր նրանց քրոջը հոր տանից, և մի այսպիսի մարդ չէր կարող բախտավոր լինել: Մի սիրող սիրտ միայն խորին կերպով խոցված էր, – դա իմ մոր սիրտն էր: Այդ ողորմելին մինչև մահ չկարողացավ մոռանալ թշվառ ամուսնի կսկիծը: Ես և իմ քույրերս ոչինչ չէինք հասկանում. մենք միայն անգիտակցաբար լաց էինք լինում, երբ տեսնում էինք, որ մեր մայրը լաց էր լինում: Բայց երբ ես մեծացա, այն ժամանակ միայն հասկացա բոլորը, և դառն վրեժխնդրությունը, իմ հասակի հետ, սկսեց փոքր առ փոքր աճել…
Դրանից ավելի այլևս ի՞նչ կարող էր լինել, որ ազդեր որդու սրտի վրա, որ զուրկ չէր զգացմունքից, որ սկսել էր հասկանալ, թե ի՞նչ բան է բարբարոսությունը: Իմ հոր պարանոցի վրա կատարվել էր մի սոսկալի փորձ, որը եթե գործ դրված լիներ մի հավի, մի այծի և մինչև անգամ մի շան պարանոցի վրա, անտարակույս անպատիժ չէր մնալու չարագործը: Բայց հայ մարդը – գավուրը – ավելի ստոր էր այդ անասուններից: Նա տեր չուներ, նա գին չուներ. նրա հետ կարելի էր անել ամեն բան և անպատիժ մնալ…
Իմ քեռիները արհեստով զինագործ էին. այդ արհեստը ժառանգաբար անցել էր նրանց տոհմի մեջ, և հարյուրավոր տարիների ընթացքում զարգացել և բավական կատարելագործվել էր: Պարսկաստանում, ինչպես և Տաճկաստանում, առհասարակ բոլոր զինագործները հայեր էին. նրանք զենք էին պատրաստում իրանց թշնամիների համար, որոնք թեև շինելը չէին իմանում, բայց գործ ածելու մեջ շատ հմուտ էին: Ես միշտ մի առանձին բարկությամբ էի մտածում այն աղետալի անցքի մասին, թե անպատճառ մի հայ արհեստավորի ձեռքով պետք է շինված լինեին այն դաշույնները, որոնցով փորձ փորձեցին իմ հոր պարանոցի վրա:
Իմ քեռիները մեր գավառի նշանավոր զինագործներն էին, այդ պատճառով նրանց արհեստանոցը ամբողջ տարի միշտ գործ և աշխատություն ուներ: Արհեստանոցը զետեղված էր տան գլխավոր մուտքի գավիթում և բաժանվում էր կանանոցից առանձին բակով: Այստեղ միշտ կարելի էր տեսնել մի խառնիճաղանջ բազմություն, բաղկացած պարսիկներից, թուրքերից և քրդերից, որոնք բերել էին իրենց զենքերը շինել տալու: Հեռու կամ օտար երկրներից եկողները այնտեղ մնում էին օրերով և շաբաթներով մինչև կպատրաստվեին նրանց զենքերը: Այս վերջիններից շատերը կերակրվում էին քեռիներիս սեղանից և մինչև անգամ փող չէին վճարում նրանց աշխատության համար: Ես փոքր ժամանակս չէի կարողանում հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ուներ այդ նահապետական հյուրասիրությունը` համ ձրի աշխատել, համ կերակրել, համ փող չստանալ: Հետո հասկացա, որ այդ հյուրասիրությունը ցույց էին տալիս ոչ բոլորին, այլ նշանավոր անձնավորություններին միայն: Խաների, բեկերի, սեիդների, շեյխերի և զանազան քուրդ ցեղապետների համար աշխատում էին ձրի: Դրանք մահմեդական ժողովրդի առաջնորդներն էին, դրանց պետք էր քաղաքավարի կերպով կաշառել, դրանց