Սալբի. Րաֆֆի

Читать онлайн.
Название Սալբի
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772467017



Скачать книгу

դեմքը՝ պատկառելի և վսեմ: Խորշումը թեպետ խազել էր մի քանի բարակ գծեր նրա լայն ճակատի վրա, բայց անգութ ժամանակը ասես թե խնայել էր նրա, թեև ցամաքած, բայց բոլորակ թշերի վրա, այն նուրբ վարդագույն կարմրությունը, – նրա մանկության գարնան դեռևս անծերանալի գեղեցկության առհավատչյան: Նրա խելացի խաժ աչքերը տակավին պահպանում էին իրանց վառվռուն փայլը: Առհասարակ մի կախարդական գրավիչ արտասանություն, յուր վսեմ բացատրություններով, արտափայլում էր նրա խորհրդական դեմքի վրա, որ պարզ երևացնում էր պատկերը մի ջերմեռանդ և կրոնամոլ հոգու:

      Թեպետ մի բախտով, մոդան յուր կործանիչ ոտքը տակավին կոխած չէր այդ երկրի վրա, բայց այսուամենայնիվ, տիկին Թարլանը ամենայն բանով որոշվում էր բոլոր կնիկներից, որ բնակվում էին Ծաղկավանում: Նրա հագուստներն էին միշտ միօրինակ և հնամաշ, բայց մաքուր և ստեպ լվանալուց կորուսած ծաղկանկարները: Տիկին Թարլանը, կարծես թե, կշտացել էր աշխարհից: Նա չէր սիրում այն շռայլ կանացի պճրանքները և այն ավելորդ զարդարանքները, որոնց այնպես ջերմ սիրով անձնատուր են արևելյան կանայքը: Նա չէր կրում յուր գագաթի վրա արծաթյա բոլորակ պսակը (գոտին), որ դնում են Ասիայի հայ կնիկները և ո՛չ նրա կրծքի վրա փայլում էր լանջաստղը՝ զարդարած գոհարներով: Եվ ո՛չ նրա վզից քարշ էին ընկած մանյակներ, շարած գույնզգույն ուլունքներով և զարդարած ոսկի և արծաթի դահեկաններով: Նա չէր կրում յուր ձեռքերի վրա ապարանջաններ, մատների վրա մատանիներ, և ո՛չ ականջներից գնդեր, և ոչ քթիցը՝ օղակ: Նրա թևքերը չունեին բազբանդներ, հուռութուլունք, այնպես սիրուն զարդարած ուլունքներով4: Նա մեղք էր համարում որպես մի կուռք զարդարել յուր անձը և խրատում էր միշտ ապրել չափավորությամբ:

      Հասնելով մինչ այն հասակին, տիկին Թարլանը ապրել էր միշտ սրբությամբ, նրա ձայնը չէր լսել մի այլ մարդ և ոչ նրա երեսը տեսել էր մի անհավատարիմ աչք: Նա յուր ազնիվ բնավորությամբ՝ միշտ եղել էր մի բարի օրինակ կանացի պարկեշտության և յուր անարատ բարք ու վարքով՝ մի խելացի խրատ յուր դրացի կնիկների համար: Նա խիստ նախանձավոր կերպով պախարակում էր այն կնիկներին, որոնք փոփոխում էին իրանց հագուստների ձևերը և չէին ամաչում տղամարդկանց հետ խոսելուց:

      Բ

      ՈՒԽՏՅԱԼ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

      Մեզանում աղջիկները և ազապ տղամարդիկ չգիտեն սեր և համարձակություն չունին իրանց համար ամուսնացուներ ընտրելու: Նրանց սերը, նրանց ընտրությունը ծնողների կամքն է: Հայրը և մայրը իրանց աղջիկները որ տղային կամենան՝ կտան, և իրանց տղաներին ինչ աղջիկ որ ուզեն՝ կբերեն: Նրանք լեզու չունին խոսելու կամ ընդդիմություն գործելու…: Բայց ավելի ցավալի է, երբ շատ անգամ այդ որդեվաճառ, անագորույն ծնողները ոչ թե մի աղջկա գեղեցկությանը, խելքին նայելով են բերում իրանց տղային, կամ մի պատանիի կատարելության նայելով են տալիս իրանց աղջիկը, ո՛չ, այդ իրողության նրանք ամենևին ուշադիր չեն լինում, այլ հայրը մտածում է, այսինչ մարդը լավ, քաջ մարդ է, կարող է իրան շատ գործերի մեջ օգտակար լինել, թև ու թիկունք դառնալ և այդպես, յուր ցավերին կարեկից, յուր գինու փիալային5 ընկեր գտնելու մտքով, իրանց անմեղ աղջիկներր և տղամարդիկը գործիք ընտրելով՝ բարեկամություն և խնամություն են հաստատում: Այսպիսի հանգամանքներում շատ անգամ պատահում է, ծնողները՝ իրանց անձնական փափագը լցնելու և իրանց նպատակին շուտ հասնելու համար, չսպասելով մինչև իրանց զավակները հասունանան`