Սալբի. Րաֆֆի

Читать онлайн.
Название Սալբի
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772467017



Скачать книгу

ժամանակ նստած էր յուր սկեսուրը: Նազլու աղախինը՝ ձեռքը ծնոտին դրած նստել էր տիկին Սկուհու մոտ: Պատանի Ռուստամը, ձեռքերը սրտին դրած՝ կանգնել էր հոր սպասին, հնազանդությամբ սպասելով – երբ նա կհրամայեր վառել ծխափողը և կամ մի այլ ծառայություն: Հուրի Խան-Դայան մեջքը տված քնաշորերի ծալքին, ոտքերը մեկնել էր քուռսու տակ, որ դրված է թոնրի վրա: Մահտեսի Ավետիսը միայն նստած էր մոր մոտ լուռ և անխոս:

      Հուրի Խան-Դայայի դեմքը ձևացնում էր մի տխուր և տրտում պատկեր, որի կծու արտահայտությունը բարկության սաստիկ բորբոքումն էր բացահայտում, որ նույն րոպեին խռովում էր նրա սիրտը: Մոխրագույն կատուն, նրա սիրելի կենդանին, կռմռալով` քծնում էր յուր պառավ տիկնոջ չորս կողմը, բայց և այնպես չկարողացավ յուր քնքուշ հաճոյամոլությամբ ամոքել նրա ճակատի կնճիռը: Երկար լռությունից հետո, հանկարծ, որպես մի սև թուխպ, որ ծածկում էր երկնքի ավելի մեծ տարածությունը` որոտաց, թնդաց և խորշոմած աչքերից կայծակներ արձակելով, պոռաց նա յուր ժանգոտ ձայնով դեպի տիկին Սկուհին.

      – Տո՜, փուչացած, այս տան սուրբը-սրբությունքը դու իսպառ խափանեցիր, քեզնով մեր քրիստոնեությունը կորա՜վ: Չէ՞որ այսօր կյուրակեմուտ իրիկուն է, քանիցս պատվիրել եմ այսպիսի գիշերներին խնկածխությունը անպակաս լինի այս տան մեջ, և սուրբ պատուհանի առջև, բացի ամենօրյա կանթեղից նա՜և վառվեն յոթն մեղրամոմի պատրույգներ: Դրանցով մեր տան բարի ոգիները կուրախանան, իսկ չարերը կտրտմեն: Խաչապաշտի տուն է, այդպես պետք է կատարել տիրոջ օրենքները: Է՛լ ի՞նչ խորհուրդ ունի հայ-քրիստոնեությունը, ի՞նչ է այն բարի հրեշտակների վարձը, որ միշտ պահպանում են մեզ, – այն մի բուռն սուրբ խունկը, որի անուշահոտությամբ զվարճանում են նրանք: Ինչո՞ւ Չարին ուրախացնենք, որ Բարին տրտմե և մեր ձախ թևի վրա սատանան նստած գրե մեր մեղքերը յուր դավթարի (տետրակ) մեջ: Է՛հ, «սևին սապոն ինչ անե, խևին խրատը»: Այդ առաջին անգամը չէ… ես մինչև այսօր քեզանից մի խելացի բան չեմ տեսել:

      Խղճալի Սկուհին, թեպետ մի հասունացած կին էր և երկու երեք զավակների մայր, միտ դնելով լռություն պահելու և ծերերի խոսքը պատվելու կանոններին, ո՜չ միայն օրինավոր կերպով յուր իրավունքը կարող չէր պաշտպանել նրա առջև, այլև թույլատրելի չէր նրան յուր կեսրոջ մոտ համարձակ խոսել: Այսքանը միայն կարողացավ ամոթխածությամբ յուր երեսքողի տակից Նազլուի լեզվով ասել նրան.

      – «Թող ներե բարի սկեսուրը, հավատացնում եմ բոլոր սրբերի անունով, որ այդ գործի մեջ մի մազաչափ մեղք չունիմ: Որովհետև մեր տան խունկը վերջացել էր, ուղարկեցի պառավ Մարթայից փոխ առնելու, նրանք էլ հազիվ թե այս գիշերվա համար ունեին, և մոռացա շուկայից բերել տալու»:

      – Հոգեշահ և աստվածահաճո գործերը կմոռանաս, գիտե՜մ, – կրկնեց պառավը գլուխը շարժելով, – բայց ուտելու համար չամիչ, կամ խուրմա լիներ, երբեք չէիր մոռանա շուկայից բերել տալու:

      Տիկին Սկուհին չկամենալով սկեսուրի աչքի առջև կանգնելով ավելի բորբոքել նրա բարկությունը և առիթ տալ նոր դժգոհությանց, դուրս եկավ խրճիթից, գնաց հոգալու անբախտ ընտանիքների ընթրիքի մասին, որի համար պատվիրել էր իրան Ռուստամը:

      Մահտեսի Ավետիսը, գիտնալով յուր մոր տրտնջոտ և քրրթմնջոտ բնավորությունը, ոչինչ չխոսեց, գլուխը քարշ ձգած տնից դուրս եկավ, գնաց անասունների փարախը չորքոտանիներին վերահասություն անելու համար:

      Հուրի Խանի-Դայան միայնակ մնաց խրճիթում, նստած քուռսու մոտ: