Զահրումար. Րաֆֆի

Читать онлайн.
Название Զահրումար
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия
Издательство Зарубежная классика
Год выпуска 0
isbn 9781772466911



Скачать книгу

ընտանեկան շրջանը ո՛չ միայն անհամեմատ էր արտաքին աշխարհի պահանջմունքներին, այլ մի փոքրիշատե կրթված և կյանքի վայելչություններին սովորած օրիորդի համար, որպես օրիորդ Սոֆին էր, խիստ նեղ և նրա բաղձանքներին բոլորովին անգոհացուցիչ էր:

      Մթին ու խոնավ սենյակներ, անզարդ և համարյա աղքատիկ կարասիք, անկանոն տնային կառավարություն, անկիրթ և կեղտոտ սպասավորներ և այլ զանազան անհարմարություններ առաջին օրից անտանելի եղան օրիորդին: Դպրոցում կյանքի գաղափարական վայելչություններով միշտ հրապուրված կույսը որոնում էր արձակ կյանք, զվարճություն և ցանկանում էր իրան շրջապատել այն ճոխություններով, որոնց երազներով միշտ հրապուրված էր նրա երևակայությունը:

      Բայց գիտենալով հոր խստասրտությունը, խղճալի օրիորդը չէր համարձակվում հայտնել յուր ցանկությունները, և այդպես տրտմությամբ անց էր կացնում յուր օրերը, մինչև մի անգամ մայրը, գտնելով նրան միայնակ յուր սենյակում, ընկղմված խորին տխրության մեջ, հարցրեց.

      – Սոֆի, դու օրեցօր մաշվում ես, քո դեմքը միշտ տխուր է, ասա, սիրեկան, չլինի՞ հիվանդ ես դու:

      – Ես հիվանդ չեմ, մայրիկ, – պատասխանեց օրիորդը հոգվոց հանելով:

      – Ապա ի՞նչ է քո սրտի դարդը:

      – Ոչինչ… – տխրությամբ պատասխանեց օրիորդը:

      – Մի բան կա, ասա՛, սիրեկան:

      Եվ մայրը սկսեց նրան փայփայել:

      Իսկ օրիորդ Սոֆին պատասխանեց նրան բավական զգայի եղանակով.

      – Ինչը՞ կտրող է ինձ ուրախացնել, որ չլինիմ տխուր. ես շրջապատված եմ այնպիսի անհարմարություններով, որ ամաչում եմ մինչև անգամ տեսնվել ընկերուհիներիս հետ:

      – Ի՞նչպես, – հարցրեց մայրը զարմանալով:

      – Այնպես, որ ինձ ևս վերջապես պետք է ծանոթանալ արտաքին աշխարհի հետ և ըստ այնմ հարկավոր է բարեկարգել իմ դրությունը, ինչ որ պահանջում են հասարակական կյանքի հարաբերությունները:

      Մայրը համարյա ոչինչ չհասկացավ այդ խոսքերից. նա կարծեց, թե յուր աղջիկը ամուսնական ցանկություն ունի յուր սրտում: Այդ պատճառով ասաց.

      – Այն, որ դու ես ցանկանում, դեռ շուտ է, դրա համար քի՛չ մտածիր, միայն դու միշտ ի նկատի ունեցիր, որ քո մայրը բոլորովին անհոգ չէ քո մասին:

      – Մայրիկ, դու բոլորովին չհասկացար ինձ, – նրա խոսքը կտրեց կարմրելով օրիորդը: – Ես կամեցա քեզ հայտնել բոլորովին այլ բան:

      – Ի՞նչ բան:

      – Այն, որ դու ինքդ էլ նկատում ես, թե մեր սենյակները որքան անհարմար են իմ կացության համար. դու գիտես, որ ես այսուհետև երթևեկներ շատ կունենամ: Իսկ այսպիսի կեղտոտ տեղում չէ կարելի ընդունել մի օրինավոր մարդու: Բացի սորանից, ես տակավին պատշաճավոր հագուստ ևս չունիմ, որ կարողանամ առանց ամաչելու հասարակության մեջ երևալ: Պետք չէ՞ դրանց համար մտածել:

      – Անպատճառ, իմ սիրելիս, – ասաց նրան մայրը՝ գգվելով: – Այդ բոլորը ինչ որ ցանկանում ես, գրե՛ մի թղթի վրա, որ չմոռանամ, երեկոյան հայրդ երբ փողոցից վերադառնա, ես կխոսեմ նրա հետ և բոլորը կկարգադրեմ:

      Ուրախացած մոր հուսադրելով, օրիորդը վեր առավ մի թղթի կտոր և սկսավ գրել յուր ցանկացած իրերի ցուցակը: Նա գրեց և գրեց, թղթի երեսը լքցրեց: Եվ սկսավ կարդալ: «Առաջին անգամ այս շատ կլինի, հարկավոր չէ հորս իսկույն վախեցնել», – ասաց նա յուր մտքի մեջ և սկսավ տեղ – տեղ ջնջել ցուցակից ամբողջ տողեր: Վերջապես նրանից արտագրեց փոքրիկ թերթի վրա հետևյալները.

      1. Տեղափոխել մեր բնակությունը