Название | Մեծապատիվ Մուրացկաններ |
---|---|
Автор произведения | Հակոբ Պարոնյան |
Жанр | Зарубежная классика |
Серия | |
Издательство | Зарубежная классика |
Год выпуска | 0 |
isbn | 9781772467093 |
Բեռնակիրներուն այս հանդգնությունն այնքան պարսավելի չէ, որչափ այն մարդերունն, որ խոհարարություն ուսած են և բանադատություն կընեն, կամ քիչ մը երկրաչափության պարապած ըլլալով՝ աստղերուն շարժումներուն վրայոք կը ճառեն, կամ երկու սագ և չորս կով մեծցուցած ըլլալով՝ դաստիարակության խնդիր կը հուզեն, կամ զավակ մ՚ ունեցած ըլլալով՝ առաջին մարդուն ո՛ր աշիարհի մեջ ծնած ըլլալուն վրա կատենաբանեն, կամ վերջապես անանկ նյութի մը վրա կը խոսին, որ բոլորովին օտար է իրենց, այո՛, այս մարդերուն հանդգնությունն ավելի է, վասնզի բանադատությունն կամ աստղագիտությունն կամ մանկատածությունն և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ։ Եվ արդարև բեռնակիրներն, ամեն քայլափոխին, իրենց դեմն ելնողներուն հարցունելով՝ անմիջապես գտան Ծաղկի փողոցն և թիվ 2 տան դուռը զարկին․ մինչդեռ ես շատ ատենաբաններ մտիկ ըրած եմ, որ յոթը–ութը ժամ շարունակ խոսելով՝ չեն կարողացած իրենց փնտրած փողոցը գտնել և ստիպված են ուրիշ փողոցներու մեջ թափառիլ և թափառեցնել իրենց ունկնդիրներն՝ անոնց քթեն բռնելով։
Բեռնակիրները դուռը զարնելուն պես դուռը բացվեցավ և ներկայացավ իրենց թուխ և երկար դեմքով կին մը, որուն դեմքին վրա ժամանակն այնքան գծեր գծած էր զայն սրբագրելու համար, որքան որ կը գծե «Մասիսի» խմբագիրն յուր չորս տող մեկ ձեռագրին վրա, որ կամ մեկուն վախճանիլը կիմացունե և կամ ուրիշի մը կարգվիլը։
Բեռնակիրները դռնեն ներս մտնելով բեռները գետինը ձգեցին և սկսան իրենց քրտինքը սրբել։
– Աբիսողոմ աղային ըլլալու են ասոնք, այնպես չէ՞, – հարցուց բեռնակիրներուն թխադեմ տիկինը։
– Անունը չըսավ մեզի, – պատասխանեց բեռնակիրներեն մին՝ սև թաշկինակովն գլխուն քրտինքը սրբելը շարունակելով։
– Ի՞նչ տեսակ մարդ էր։
– Խոշոր թիկնոց մը հագած էր։
– Ի՞նչ գույնով էր, ճերմա՞կ թե թուխ։ – Ո՛չ, սև էր։
– Սև՞ էր։
– Այո, սև, բայց աղվոր, անոր փաթտըվողը ձմեռը չմսիր։
– Ատ ի՞նչ խոսք է, փաթտըվիլն ի՞նչ պիտի ըլլա․․․ ես քուկին գիտցած կնիկներեն չեմ, հասկցա՞ր, – ըսավ տիկինը յուր խոսքերը շեշտելով։
– Վնասակար բան մը չըսի․ փաթտըվելով ի՞նչ կըլլա եղեր, – պատասխանեց բեռնակիրն աթոռի մը վրա փռելով յուր թաշկինակն։
– Ատկե ավելի վնասակար ի՞նչ կրնա ըլլալ։
– Շատ բարակ բաներու մեր խելքը չպառկիր։
– Ես կը պառկեցունեմ․․․ դուն զիս կը ճանչնա՞ս․․․։
– Փաթտըվելեն ի՞նչ վնաս կուգա։
– Ես էրիկ ունիմ, ինչու պիտի փաթտըվիմ եղեր անոր։
– Էրիկ ունեցողներն ալ կը փաթտըվին․ էրիկն ուրիշ, աս ուրիշ․ աս կը տաքցունե։ Ըսենք, որ ձմեռը գիշեր մը դուրս ելար, փողոցին մեջ էրկանդ չես կրնար փաթտըվիլ, բայց աս կռնակդ կառնես․․․։
– Աբիսողո՞մ աղան։
– Թիկնոցը, տիկին․․․ Աբիսողոմ աղան կռնակի վրան կառնվի՞։
– Մինչև հիմա թիկնոցի՞ վրա կը խոսեիր։
– Խոսքերնիս թիկնոցի վրա չէ՞ր մի․․․ Հապա դուն ի՞նչ հասկցար։
– Ես հասկցա, որ Աբիսողոմ աղային փաթտըվելու է, կըսես։
– Տեր ողորմյա,