Հին աստվածներ. Լեւոն Շանթ

Читать онлайн.
Название Հին աստվածներ
Автор произведения Լեւոն Շանթ
Жанр Зарубежные любовные романы
Серия
Издательство Зарубежные любовные романы
Год выпуска 0
isbn 9781772467062



Скачать книгу

կեցած է մենակ, կնայի անոնց ետևեն տխուր գլուխը շարժելով, երբ քովեն կամաց մը կմոտենա Աբեղան, կծռի, զգույշ կբարձրացնե Վանահոր փեշը և կհամբուրե:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հանկարծ կզգա և կդառնա ետ) Ի՞նչ կընես որդիս, ի՞նչ կընես:

      ԱԲԵՂԱՆ – Հայր…

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ կուզես որդիս, ի՞նչ ունիս:

      ԱԲԵՂԱՆ – Որքան բարձր ես հայր, որքան որքան բարձր:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բարձր կձգտինք մենք բոլորս, որդյակ:

      ԱԲԵՂԱՆ – (Արհամարհոտ): Ա, բոլորս: Քու ձայնդ ինծի կարծես երկնքեն կուգա, հեռուեն, հեռուեն, վերեն: Է, մենք բոլորս: Քանի խելքս կհասնի` եղեր եմ քու թևիդ տակը, քու խրատներուդ, քու օրինակիդ, և եղավ ժամանակ մը, երբ կարծեցի, թե ես ալ հասնելու եմ այդ բարձունքները…

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իսկ հիմա՞, որդիս:

      ԱԲԵՂԱՆ – Հիմա…հիմա… (Կտրուկ) Ես քու որոնած վերիններեն չեմ հայր:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչեր կխոսիս, տղաս, կբամբասես ինքդ քեզի, դուն, իմ ընտրյալս, դուն, որ այս ամենուն մեջ ամենեն ավելի վեր սավառնողն ես եղեր:

      ԱԲԵՂԱՆ – Սավառնողը… գուցե, երբ թևերս ազատ էին ու թեթև:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Է, հիմա ի՞նչ եղան թևերդ:

      ԱԲԵՂԱՆ – Հիմա… հիմա թևերս թրջվեցան, հայր:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Թրջվեցա՞ն:

      ԱԲԵՂԱՆ – (Խորհրդավոր ու մոտենալով) Հիմա ես ալ կվախնամ, հայր:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կվախնա՞ս, դո՞ւն ալ, սատանայե՞ն:

      ԱԲԵՂԱՆ – Սատանա՞, ոչ, ոչ սատանայեն:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հապա:

      ԱԲԵՂԱՆ – Ես… ես կվախնամ… ծովեն:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ծովե՞ն:

      ԱԲԵՂԱՆ – Ծովեն: Հոն ալիքներ կան, փոթորիկ և հուզում, և կռիվ և…և... ամեն ինչ:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կհասկնամ, որդյակ, անցած օրվա դեպքը ցնցեր է հոգիդ, կանցնի, ի՞նչ կապ քու ու ծովուն մեջ: Թարմ է սիրտդ, գթոտ ու կարեկից ու ազատեցիր քեզի նման մանուկ էակ մը մահեն, օրհնյալ ըլլաս:

      ԱԲԵՂԱՆ – Բայց այդ օրեն, հայր, ինծի կթվի թե ծովը… ծովը սիրտն է բնության:

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Շեշտ կդիտե Աբեղան ու քիչ մը խիստ) Դուն նայե երկինք, որդի, երկինքը միտքն է բնության, խոր ու խաղաղ:

      ԱԲԵՂԱՆ – Այո, խոր ու խաղաղ, երբ ծավի պայծառ է երկինքը, իսկ իմ մտքերս ավելի կնմանին թխպոտ օրերուն, երբ հոն ալ ամեն բան պղտոր է ու խառնակ: – (Կոտրված) Ես քու որոնած վերիններեն չեմ, հայր: ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ատիկա ըսողը դո՞ւն ես, Աբեղա: Դուն, որ իմ հպարտությունս ես եղեր, որուն հոգին ես եմ խմորեր, որուն մեջ իմ ամենաթանկագին մտածումներս եմ դրեր, իմ սեփական հոգիս եմ դրել, և որ ինծմե ետքը իմ գործիս շարունակողն է ըլլալու:

      Համեստությունը ես կսիրեմ, Աբեղա, բայց իմ ժառանգս եղողի մը բերանեն ավելի խոյանք ունեցով խոսքեր կուզեի լսեմ:

      ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ դեմքը ծածկելով ու հեծկլտալով) Ախ, դուն դեռ չգիտես… դուն դեռ չգիտես, հայր…

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Բոլորովին այլայլված կուղղվի և հանկարծ խիստ) ինծի նայե, տեսնեմ, նայե աչքերուս:

      ԱԲԵՂԱՆ – (Կհեկեկա):

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մի՞թե, մի՞թե, ճշմարիտ է կասկածս Աբեղա, նայե աչքերուս

      ԱԲԵՂԱՆ – (Կհեկեկա):

      ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այսպես թույլ, այսպես խեղճ… Դուն, որու հոգին ես որձաքարի պես ամուր կկարծեի, անարատ ու կույս բացառիկ հոգի մը, ու գլուխդ հպարտ ցցած վեր, դեպի երկինք, աշխարհքի ծովուն մեջ, ինչպես իմ այս կույս ու մենավոր կղզիս այս ծովուն մեջ: Թշվառական, խոնարհե՞լ կուզես այդ գեղեցիկ, այդ հպարտ գլուխը ցած, այս ցածի ծովուն դեմ, այն վերերեն, ուր մեր Աստվածն է…

      Конец