Название | Պատմվածքներ |
---|---|
Автор произведения | Հովհաննես Թումանյան |
Жанр | Рассказы |
Серия | |
Издательство | Рассказы |
Год выпуска | 0 |
isbn | 9781772466959 |
Իսկ երբ որ ճանապարհ էին ընկնում, Անդրին մոտեցավ Գոքորին և կամաց փսփսաց. «Էն բանը, որ ասեցե, իմ ու քու մեջը մնա, քարը վեր կալ, քարի տակին դիր, օքմին չիմանա… Էլ մեր պետքը չի Եգոր աղի հարամ ցորենը… նալլաթ չար սատանին…»:
ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ
I
Ղ… գյուղաքաղաքում առանձնացած ապրում էր Սիմոն անունով մի բարի մարդ: Նա չէր խառնվում գյուղական գործերին. երևի գիտեր, որ իրան խոսքը չի ընդունվիլ, նրա համար էլ պոչն իրան էր քաշել:
Սիմոնը մի կարմիր կով ուներ, մին էլ` մի սիրուն կին. կինն էլ շատ սակավ էր պատահում, որ հարևանություն աներ դրացիների հետ. քաշվում էր հարուստ հարևաններից, գիտեր, որ յուր գնալ-գալը դուրեկան չէր նրանց համար: Եվ իսկապես, հարևանների դռներն ընկնելու կարիք էլ չունեին:
Սիմոնը չyuթի կամ գութանի ժամանակ ընկեր էր դառնում անասուն ունեցողի հետ, տանջվելն իրանից, անասունը, լծկանը հարևանից, և յուր հողերն էլ նրանցի հետ վարում: Երբեմն էլ պատ էր դնում, տախտակ էր քաշում, ձուկն էր բանում մոտակա գետից-ծախում, և կարողանում էր թե չէ, ամեն բանի էլ ձեռքը գցում էր:
Դրա համար էլ ոչ լավ ձուկը բռնող էր, ոչ կարգին պատ դնող և ոչ մի բանում հայտնի չէր. միայն մի բան լավ գիտեր, որ լավ սրախոսում էր և ծիծաղալի առակներ էր պատմում: Այդ էլ վերագրում էին նրա խելքի պակասությանը, անունն էլ «շաշ Սիմոն» էին դրել:
«Մի անգամ մի գյուղում մնի համար պատ դրի, – պատմում էր նա յուր կյանքից, – գործս վերջացրի, ասեցի` դե փողս տվեք, գնում եմ: Եկան պատին մտիկ արին, ասեցին` «Ուստա, էս գշեր քու շինած պատի տակին քնի, առավոտը քու վարձն էլ տանք` մի բան էլ ավելի, վեր կաց գնա». համաձայնվեցի ոչ. վախեցի գշերը պատը վրես քանդվի… պատն էլ թողի, վարձս էլ, վեր կացա եկա մեր տունը»:
Բայց խո ամեն մարդ այսպիսի պայման չէր կապում ուստա Սիմոնի հետ: Շատ մարդ էլ հենց նրա զվարճախոսությունների ու առակների համար դեռ վարձիցը մի բան էլ ավել էր տալիս: Եվ իրանց աղքատության մեջ ուրախ ապրում էին մարդ ու կին:
Այս մի փոքրիկ ուրախություն էր, որ ավելի շուտ բխում էր Սիմոնի սրտից, քան թե ունեցածից. բայց մարդիկ սրան էլ էին նախանձում:
– Ախպե՛ր, մենք էսքան չարչարվում ենք, մեզ համար ապրանք ունենք, դուքան ունենք, առուտուր ունենք… է՛լ չենք կարողանում ծերը ծերին հասցնենք, սա էս ո՞նց ա ապրում. – ոչ ջեբումը կապեկ ունի, ոչ դռանը չորսոտնանի, ոչ գլխումը խելք…
Այսպես նախանձում ու զարմանում էին համագյուղացիք, հարևանները Սիմոնի ապրուստի վրա և միշտ էլ «շաշ» էին անվանում:
– Շաշ Սիմոնի թայն էլ չկաս, – նախատում էին կանայք իրանց ամուսիններին, – տարենը երկու-երեք թազա լեհին (դերիա) ա հագցնում իրան էն անբան կնգանը… թողում չի բոբիկ ոտը գետին տեսնի…
– Դե նրա կնիկն էլ սիրուն ա, քու թայը խո չի, – կես լուրջ, կես հանաք նկատում էր մարդն յուր բարկացած կնոջն ու հեռանում:
Հիրավի, Սիմոնի կնոջ գեղեցկությունը մի երկնային պարգև էր, որ բաժին էր ընկել աղքատին: Նա մի բուրալի, շքեղ շուշան էր, որ դուրս է գալիս հաճախ մի հասարակ մացառի, մի փոքրիկ թփի տակ, և զվարթ ծաղկում է, ժպտում, առանց մտքովն անցկացնելու, թե քուրդը1 բուսել է վճիտ ջրերի ափին, կամ զանգակածաղիկը փայփայված է բուրաստանում. նրան միայն մի փոքր լույս, մի