Название | Վերք Հայաստանի |
---|---|
Автор произведения | Խաչատուր Աբովյան |
Жанр | История |
Серия | |
Издательство | История |
Год выпуска | 0 |
isbn | 9781772467864 |
Աղասի ջա՛ն, գլխիդ ղուրբան,
Դու ես մեր թագն ու պարծանքը.
Աշխարքս որ բոլոր ման գան,
Ո՞վ կլի հատդ, դու մեր կյանքը:
Գլխովդ միշտ պտիտ կըգանք,
Ա՛ռ մեր հոգին, դու մեր հրեշտակ.
Թե թաղես էլ մեզ, ձեն կտա՞նք,
Էլ քեզ կօրհնենք, քեզ դուրբան գնանք:
Երկնքին դու լիս ես տալիս,
Ծաղկերին՝ հոտ, համ ու հոգի.
Դաշտ, սար ու ձոր քեզ տեսնելիս՝
Գլուխ վեր բերում քո առաջի:
Բյուլբյուլն մեռած՝ սազիդ ձենին,
Վարդն թոռոմած՝ սերդ հիշելիս,
Ա՛խ են քաշում, տալիս գլխին,
Վա՜յ են ասում՝ դու մտիկ չտալիս:
Քանի սաղ ենք, քեզ ըլինք ղուրբան,
Քո շվաքիդ տակին մնանք.
Ա՜խ, թե մեռնինք, մեր գերեզման
Էլ գաս, կոխես, որ դինջանանք:
Թագավորներ հասրաթդ քաշեն,
Որ ունենան քեզ պես որդի.
Քո անունը երբ լսում են,
Թոզ են դառնում քո թշնամիք:
Արեգակն իր լիսն երեսիդ,
Ամպերն իրանց թևերը փռած՝
Քեզ են նայում, որ արևիդ
Ղուրբան ըլինք, մնում կանգնած:
Տանիցը որ դուս ես գալիս՝
Ամենիս աչքն վրեդ մայիլ.
Քաղցր լեզուդ մենք լսելիս՝
Ոտիդ տակին ուզում մեռնիլ:
Ղալամով աչքերդ ա քաշած,
Սուրահի բոյդ մեկ չինարի.
Աշխարքի աչքն քո վրեն մեռած,
Աղասի ջա՛ն, մեզ մոտ արի:
Բայց ինչ կուզե որ աներ, Աղասին իրանց տանն էնպես էր, ինչպես մեկ հարսը: Ղորդ ա, մի քիչ ոտին-գլխին արեց, ամա էն էլ բարիկենդանի հունարն էր: Շիրախանի բալանիքն ասես թե մառանի, մոր ջիբումն էր: Սա էլ հո էնպես կապ էր ընկել, պպին կանգնել, թե ընչանք ժամը դուս չի գա, նրան, որ մեռնի էլ, մեկ կաթը ջուր չի տալ: Աղասու նշանածն էլ լավ ոտին-գլխին էր անում, ամա ի՞նչ աներ ջրատարը, ձեռիցը մեկ բան չէ՛ր գալիս: Անաստված կեսուրը ո՛չ մեկի դնչին էլ չէ՛ր նայում, չէ՛ր մռում: Ամեն բանը իր ձեռովն էր հազիր արել՝ արաղ, գինի, հավ, ձու, ոչխարի միս, բայց, ժամը չարձակված, վա՛յ նրան, որ էստոնց կշտովն անց կենար կամ մատը դներ վրեն:
էս միջոցումը գոմի սաքուն էլ սկսեցին թամուզ սարքել, խալիչա փռել, բուխարին վառել, դուրսն ու տունն ավելել, չունքի որ գեղի քեդխուդեքը էսօր էստեղ էին կանչած, ու էսպես կարգով` օրը մեկ քեդխուդի տան, ինչպես որ միշտ սովորություն ա, իրանց բարիկենդանը պետք է անցկացնեին: Աղասու մարդը վաղուց կտրիցը նայում