Название | Անահիտ |
---|---|
Автор произведения | Աղայան Ղազարոս |
Жанр | Зарубежные любовные романы |
Серия | |
Издательство | Зарубежные любовные романы |
Год выпуска | 0 |
isbn | 9781772466829 |
– Հա՛յր թագավոր, Վաչագանն այնքան գաղտնապահ է, որ ինձ էլ չի բաց անում իր սիրտը, միայն այս վերջին օրերս ես նրա մեջ մեծ փոփոխություն եմ նշմարում։ Ես կարծում եմ, որ նա սիրահարված է Անահիտ անունով մի աղջկա վրա։
– Ո՞վ է այդ Անահիտը։
– Դա Հացիկ գյուղի նախրչու աղջիկն է։
– Նախրչո՜ւ…
– Այո՛։
– Այդ նախրչու Անահիտը մի աստվածուհի պետք է լինի, ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը։
– Հայր թագավոր, ես միշտ փտնում եմ այդ աղջկանը, ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց զուր է անցնում իմ աշխատությունը, և կարծում եմ, որ պիտի զուր էլ անցնի, ըստ որում՝ այդ աղջիկը ճշմարիտ որ մի աստվածուհի է. նրա գեղեցկությունը մի հիացք է, իսկ խելքի մասին հրաշքներ են պատմում։ Ասում են՝ գյուղի ծերերը նրա խորհրդին են դիմում ամեն դժվար հանգամանքներում։ Ո՛չ մի երիտասարդ նրա քաջությունը չունի, ո՛չ մի օրիորդ՝ նրա ձեռքի ճարտարությունը։ Նրան անվանում են «Անտառների թագուհի», ըստ որում՝ իր հոր նախրից երբ որ մի ապրանք է կորչում կամ գողացվում, նա իսկույն, մի կրակոտ ձի հեծած՝ սար ու ձոր է ընկնում և որտեղից լինի՝ գտնում բերում է։ Այս տեղեկությունները ես հավաքել եմ Վաչագանից ծածուկ և ոչինչ չեմ հայտնել, որ ավելի ևս չտաքանա, բայց ինչպես ես տեսնում եմ, նա առանց այս էլ նրանից ձեռք վերցնողը չէ։ Ես հույս ունիմ, որ ինքը եթե ձեզ չհայտնե, մայր թագուհուց չի թաքցնիլ։ – Եթե այդպես է՝ ես կհայտնեմ մորը։ Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկություններով։
Վաղինակը ճշմարիտ որ լավ նախապատրաստեց թագավորին։ Նա Անահիտի գովասանքը, իր կարծիքով, չափազանցության հասցրեց ավելի այն մտքով, թե՝ բան է, եթե որդու կողմից զիջում չլինի, գոնե ծնողաց կողմից լինի, որ Վաչագանի մուրազն անկատար չմնա։ Ահա՛ այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը։
Ե
Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը, թե՝ նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր։ Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ։ Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան։ Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով։ Գյուղացիք ուրախացան, որ թագուհին իրանցից կլինի, և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին։ Մեծ-մեծ իշխանները տխրեցան, թե՝ ինչո՞ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանցից բարձր համարեց։ Վաճառականները ծիծաղում էին, թե՝ երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու՝ մի աղքատի աղջիկ է ուզում։ Պակաս չէին և սրախոս մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան-նրան։
Ահա՛ թե ինչ էին ասում այդ սրախոսները.
– Բաբի՛կ, ասում են՝ մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե՞լ ես…
– Այդպես չէ, սիրելի՛ Սադոկ, դու սխալ ես լսել։ Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ՝ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում։ Հիմա մենք որ հիմար լինինք, մի՞թե դրա համար պետք է մեր թագավորին տավարած անվանեին։ Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն, այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել։
– Ի՜նչ ես ասում… մի՞թե անասուններն էլ